Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը կառավարության այսօրվա նիտսի ժամանակ ներկայացրեց «Գույք նվիրաբերելու մասին» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու կառավարության որոշման նախագծերը, որոնց շրջանակներում բուռն քննարկում ծավալվեց անասնաբուժական և այլ խնդիրների վերաբերյալ:
«Տարածքներում պետք է լինեն անասնաբուժական կենտրոններ, որոնք կունենան մասնագիտական և տեխնիկական պատշաճ մակարդակ, ու պետական ծրագրերը պետք է իրականացնել դրանց միջոցով: Մենք հիմա ունենք մի հատ նորմալ անասնաբուժություն, մի հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը»,- ասաց վարչապետը:
Փոխնախարարը հստակեցրեց, որ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ձեռնարկել՝ անասնաբույժների կրթական մակարդակն են փորձել բարձրացնել, մասնավոր ասոցիացիա են ձևավորել և այլն:
Փաշինյանը հստակեցրեց` խնդիրները լուծելու 2 մոտեցում կա` առկա փողի սահմաններում խնդիրներ դնել և լուծել, կամ դնել խնդիրը ու գտնել դրա լուծման համար անհրաժեշտ գումարը:
Վարչապետը կողմ արտահայտվեց երկրորդ տարբերակին: Ըստ նրա՝ պետությունն աջակցություն է տրամադրում ոչ թե նրա համար, որ 2 տարի հետ գան ասեն՝ գործիքներն ավարտվել են, նորը տվեք, այլ որպեսզի կենտրոնները զարգանան, ոտքի կանգնեն և կարողանան իրենց կարիքները հոգալ, և պետական կարիքները պետք է արտապատվիրակել նրանց:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Գևորգյանը նշեց, որ կազմակերպության մի մասը միանում է նախարարությանը, միաժամանակ ստեղծվում է «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲ ընկերություն:
Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց նոր ընկերության ստեղծմանը:
Ն.Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ է ստեղծվում նոր կառույց, Գևորգյանը պատասխանեց. « Լուծարվող հիմնարկի ծրագրերի մի մասը չի կարող շարունակել նախարարությունը, մասնավորապես՝ գումար է հատկացնում բանկերին՝ գյուղացիներին էժան տոկոսադրույքով վարկեր հատկացնելու համար»:
Վարչապետը տարակուսեց` ինչո՞ւ նույնը չի կարող անել նախարարության վարչությունը:
«Վարչությունը չի կարող այդքան ճկուն լինել»,- պատասխանեց Գևորգյանը:
«Եթե չի կարող, ինչո՞ւ ենք նրան պահում»,- հարցադրում արեց Փաշինյանը:
Միջամտեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե արդյոք դոնորը պատրա՞ստ է ուղիղ պետությանը տրամադրել ֆինանսավորում:
«Է, թող ուղիղ բանկին տրամադրի,- ասաց Փաշինյանը և շարունակեց,- Այսինքն՝ եթե մեր միակ փաստարկն էն ա, որ դոնորը տենց ա ուզում, բա մենք ո՞վ ենք ստեղ հավաքված: Վերջին ամիսներին ինչքան շփվել է դոնորների հետ, չեմ տեսել, որ դոնորն ինչ-որ բան ուզի կամ չուզի, և պետք է հասկանալ՝ այդ կարգը ո՞ր կողմից է հաստատվել»: