Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1993-ին, երբ մեր մարտիկներն ազատագրեցին Քարվաճառը, ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ ժամանեց Արցախ ու պահանջեց, որ Արցախի ԳԽ նախագահի դաշնակցական պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ստորագրի հայկական զորքը Քարվաճառից դուրս բերելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կատարման ժամանակացույցը։ Գեորգի Պետրոսյանը չստորագրեց փաստաթուղթը և հրաժարական ներկայացրեց։ Փաստաթուղթն, ի վերջո, ստորագրեց նրա տեղակալը՝ Կարեն Բաբուրյանը, որը նշանակվեց նախագահ։ Բայց, չնայած սրան, հայկական կողմը ոչ միայն չվերադարձրեց Քարվաճառը, այլև շարունակեց ազատագրել մյուս տարածքները ևս։
Գեորգի Պետրոսյանը մանրամասներին անդրադառնալ չի սիրում, պարզապես ասում է, որ, թեպետ այն ժամանակվա իրողություններն ուրիշ էին, հիմիկվանը՝ ուրիշ, Քարվաճառն ու Արցախի մյուս տարածքները հնարավոր է նորից ազատագրել։
«Եթե հնարավոր չլինի՝ մենք ստեղ երևի չենք ապրի։ Եվ ոչ թե մենակ էդ հույսով, այլ էն, ինչ չենք իրականացրել ժամանակին՝ դաժան դասերը քաղելով պետք է նույնը անենք։ Դեռ մի քիչ էլ ավելի»,-Yerkir.am-ին ասաց Գեորգի Պետրոսյանը։
Այսօրվա վիճակը նա ոչ թե «զրո», այլ «մինուս զրո» է գնահատում, ասում է՝ պրոբլեմները պետք է փորձենք վեր հանել, որ բերենք՝ զրոյի հասցնենք, արժանապատվությունը պետք է վերականգնենք։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր ժողովրդին։ Ժողովուրդը երբեք մեղավոր չի լինում, լինում է վատ կառավարում․ գուցե իր մեղքը դա է, բայց դա էլ չի մեղք»,-ասաց Գեորգի Պետրոսյանը։
ԼՂՀ նախկին արտգործնախարարն այժմ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ղեկավարն է։ Գրասենյակը դեռ 3 ամիս է՝ ինչ բացվել է, առայժմ կազմակերպչական աշխատանքներ են տանում։ Սեղանին թոռնիկի ամենագնացն է, որ հիշեցնի մշտական ընթացքի անհրաժեշտության մասին։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների 50-ից ավելի անդամներ Ստեփանակերտում, Գորիսում ու Երևանում 5-օրյա խորհրդաժողով անցկացրին։ Գեորգի Պետրոսյանն ասում է՝ դա խթան է։
«Մի անգամ տղես ինձ հարց տվեց՝ պա՛պ, ազատությունից ավելին ի՞նչն է, ասացի՝ չեմ իմանում, ասաց՝ ավելի մեծ ազատությունը։ Հիմա մենք որպես գերխնդիր պետք է ձգտենք, որ մեր կաղապարները, որ ունենք մեր գլխի մեջ, խաբկանքները, որոնք կան, ազատվենք դրանցից, և Արցախի ազատագրումը կլինի»,-ասաց Գեորգի Պետրոսյանը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութով․