կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 11:47
Քաղաքական

Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ և՛ ԵՄ-ի, և՛ ՀՀ-ի համար աշխարհաքաղաքական որևէ օրակարգ չկա. Փաշինյան

Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ և՛ ԵՄ-ի, և՛ ՀՀ-ի համար աշխարհաքաղաքական որևէ օրակարգ չկա. Փաշինյան

Այսօր, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր բրյուսելյան այցի և ԵՄ ղեկավարության հետ  բանակցությունների արդյունքներին: 

«Կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում, և այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է մեզ աջակցել բարեփոխումների օրակարգում, առհասարակ` ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու առումով: Եվ այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, որ այս համագործակցության մեջ և՛ ԵՄ-ի, և՛ մեր կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում: Բայց այստեղ կա մի նրբություն, որի հետ կապված առաջիկայում որոշումներ պիտի կայացնենք: Խնդիրն այն է, որ այսօր ԵՄ-ի հետ մի քանի մեծ նախագծեր ենք քննարկել, որի առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին ու տրանսպորտային ենթակառուցվածքներին, և մեր նպատակն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ պետք է կարևոր որոշումներ կայացնենք»,- նշեց վարչապետը՝ շարունակելով, որ հաջորդ մեծ նախագիծը ջրամբարաշինությանը և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրմանն է վերաբերում, որի համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդանի գետի երկայնքով` առնվազն մինչև Երևանյան լիճ, ջրերի մաքրման կայանների և համակարգի  ստեղծումը:

Ըստ Փաշինյանի` մյուս խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես` սեյսմիկ անվտանգության առումով: Նա հայտնեց, որ նմանօրինակ ծրագրեր իրականացվում են, սակայն կարիք կա լրջորեն ընդլայնելու դրանց շրջանակը, որպեսզի դպրոցները համապատասխանեն սեյսմիկ անվտանգության և կրթական պահանջներին՝  շենքային և գույքային առումներով:

«Մենք արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու խնդիր ունենք: ԵՄ գործընկերների հետ խոսելիս ես ասացի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են ՀՀ-ում դատապարտված և կալանավորված անձինք, չեն կարող հարիր համարվել նոր ՀՀ-ի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիր ունենք: Ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը միջանցքային պայմաններում են անցկացվում, ինչն արդեն իսկ խաթարում է արդարադատության բովանդակությունը»,- հավելեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ ԵՄ գործընկերները հայտնել են իրենց պատրաստակամությունը` աջակցել վերը նշված բոլոր ծրագրերի իրականացմանը: 

«Բայց այստեղ կա մի խնդիր՝ ԵՄ-ն, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այս ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել  100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում լուրջ մասնակցություն պիտի ունենա նաև Հայաստանը»,- ընդգծեց Փաշինյանը՝ նշելով, որ սա ենթադրում է՝ եկամուտների ավելացում, վարչարարության կրճատում, ինչպես նաև արտաքին միջոցների ներգրավում, ինչի դեպքում առաջնային թիրախ են ենթակառուցվածքները:

«Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք այս հարցում, որովհետեւ որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ: Ինքս իմ պատգամավորական ամբողջ գործունեության ընթացքում, առանց բացառության, բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, որն ունեցել է շատ հստակ քաղաքական հիմնավորում: Ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ վարկային միջոցի ծախսումը: Ցավոք, մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով, ուստի մենք այսօր պիտի պատասխանենք  երկու հարցի՝ արդյո՞ք կարողանում ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ պետական միջոցները, առավել եւս` վարկային միջոցները կծախսվեն նպատակային, և եթե կարողանում ենք` ո՞րն է այն սահմանագիծը, որ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի՝ առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ դա իրականում Հայաստանին բերի օգուտներ, ոչ թե վնաս:  Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով ԿԲ-ի հետ քննարկում ենք ունենալու և դրա արդյունքում որևէ եզրակացության կգանք: Նաև կլինեն հանրային քննարկումներ, նաև` ԱԺ-ում: Պետք է կարողանանք գալ ընդհանուր հայտարարի՝ ԱԺ-կառավարություն-հանրություն»,- ամփոփեց վարչապետը: