կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 20:43
Մշակույթ

Թումանյանի դիմապատկերը` կառուցված հուշապատում-վկայությամբ

Թումանյանի դիմապատկերը` կառուցված հուշապատում-վկայությամբ

Հայաստանում վերահրատարակվել է Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» աշխատությունը: Գրքիշնորհանդեսը կկայանա վաղը` փետրվարի 21-ին, «Նոյյան Տապան» գրատանը: Հրատարակությունն իրականացվել է Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության ջանքերով:

Ես ձեռքս առա մի գիրք, որում հուշն ավելին էր, քան մարդկային մտքի հասարակ վերաշարադրանքը, իրադարձությունների նկարագրությունները և անունների հիշատակումը: Ազգային բանաստեղծության անուրանալի մեծություններից մեկի՝ Ամենայն Հայոց բանաստեղծի անցածուղու, բնավորության ու խառնվածքի, սովորությունների, հասարակական և մշակութային կյանքում ունեցած դերի, իր ապրած ժամանակի մեջ մեծ մարդասերի, մտավորականի զբաղեցրած դիրքի, ազգային գործչի անձի ու գործի հանրային նշանակության մասին է հուշագրությունը, որ սերունդներին է թողել Հովհաննես Թումանյանի կրտսեր ժամանակակիցը՝  Վազգեն Ահարոնյանը: Հուշագրությունը լույս է տեսել անցյալ դարի 30-ական թվականների կեսերին Բոստոնում (ԱՄՆ) և մինչ 2019թվականը չի հրատարակվել Հայաստանում, քանի որ, թերևս, հեղինակն «անցանկալի» անձնավորություն էր խորհրդային երկրի իշխանությունների համար (Վարդգեսը Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի որդին էր), և ինքն էլ, ուսում առած լինելով Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժնում՝ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է Հանրապետության դատախազը: Հետագայում տարագրվելով Փարիզ, ապա՝ ԱՄՆ՝ Վաշինգտոնում բացել է Ահարոնյան դպրոցը, կազմել հայարենի դասագիրք, հրատարակել իր հոր աշխատությունները: Լինելով Անդրանիկի գումարտակի կամավորներից՝  հետագայում իր հուշերն է շարադրել զորավարի մասին: Նույնչափ, գուցե ավելի հեղինակը տեղյակ էր Հովհաննես Թումանյանի կյանքից, ընտանեկան նիստուկացից, բնավորության գծերից, հասարակական և գրական գործունեությունից, քանի որ, ոնց իր հայրը, այնպես էլ ինքն ընդունված էր բանաստեղծի տանը, մտերիմ՝ Թումանյանի զավակների հետ: Վարդգես Ահարոնյանի հուշագրության առաջին էջերի ընթերցումն իսկ բավական էր հասկանալու, թե ինձ՝ կրթությամբ բանասերիս, որտեղից է հասել Թումանյանի կյանքի շատկարևոր դրվագների իմացությունը: Այդ դրվագները շարադրվել են հաճախ՝ առանց աղբյուրը նշելու, պատմվել են՝ որպես մեզ հասած զրույցներ: Եվ ահա մեզանում բավական անհայտ հեղինակի գործը հրատարակվում է՝ բացահայտելով աղբյուրի անունը՝ Վարդգես Ահարոնյան:

1936-ի հրատարակված գրքույկի մի օրինակ հպանցիկ տեսա Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության երևանյան գրասենյակում. քանիցս ընթերցված, մաշված, համարյա թերթերն իրարուց պոկոտվելուն մոտ վիճակում էր, բայց, հավատացած եմ, անխնամ վերաբերմունքից չէ՛ր գրքի մաշվածությունը, այլ ընթերցումների քանակից: Նման գրքերն ինձ համար նշխարքներ են, և ահա այդ գիրքը լայն ընթերցողին մատուցելուճիշտ պահն էր հասունացել: Հիմա արդեն կարող ենք փաստել, որ մի շնչով, անձանձրույթ ընթերցվող գիրքը հայտնվել է մեր գրասեղաններին, և հուսամ՝ կդառնա դպրոցահասակ երեխաներից ու պատանիներից մինչև գրականության գիտակների ընթերցման մշտականառարկան, որքան էլ որ նրանում նկարագրված դրվագները ծանոթ լինեն ընթերցողին: Քանի որ ամբողջության մեջ սույն գրքույկը պարունակում է ընդհանրական կերպարը մի մարդու, որ բնատուր շնորհն ուներ բանաստեղծելու, լիարժեք և ներդաշնակորեն ապրելու և երջանկությունը բանաձևելու, նայելու հոգու խորքերն ու ցավի արտահայտությունը հանճարեղորեն տալու: Քանի որ ընդգծված, ճշգրիտ, դիպուկ  ձևակերպումներով բնորոշում է մարդուն, որ մանուկ էր կենցաղում, խոցելի՝ մարդկային հարաբերություններում, անկեղծ էր՝ աստվածային մաքրության աստիճանի, ահռելի չափերի հասնող հյուրասեր էր, գրասեր ու գրքասեր էր (վկա՝ գրքեր ձեռք բերելու պատմությունները, որ անում է Վարդգես Ահարոնյանը), սրամիտ էր ու անգերազանց՝ բանավոր խոսքում (վկա՝ իր ամենայն Հայոց թամադայությունը), որդիասեր էր և զգայուն հայր (վկա՝ իր զավակին կորցրած հոր տառապանքը և շարունակ փնտրումը), պոռթկուն էր ու ներող, սիրված ու խորապես հարգված ոչ միայն հայության, այլև այլազգիների կողմից: Վարդգես Ահարոնյանը Թումանյանին ներկայացնում է՝ որպես խաղաղասեր ու խաղաղաբեր անձի, որ իր կյանքին սպառնացող վտանգն անտեսելով՝ շրջել է Լոռվա գյուղերում հայ-թաթարական բախումների ժամանակ և գոնե իր ծննդավայրի բնակավայրերում կանխել արյունահեղությունը: Ինքը՝ Թումանյանը, ոնց գրքի հեղինակն է գրում, խորապես համոզված էր, որ իր ջանքերի շնորհիվ են կանխվել բազում արյունահեղություններ... Բայց խեղճ չի՛ եղել ու խնդրող, այլ համոզիչ՝ խոսքով, և հողի մեջ իր խրած ճերմակ ու կարմիր դրոշները խորհրդանշել են մեկ՝ իր խաղաղ մտադրությունը, և մյուս, իր խոսքը զանց առնելու դեպքում՝ անխուսափելի հետևանքները: Հավանաբար, պերճախոս է եղել բանաստեղծը ու նաև այնքան հարգված, որ ոչ միայն համոզել է, այլև ողջ վերադարձել իր վտանգավոր առաքելությունից:

Գրքի հեղինակը հռետորական հարցմամբ շարադրում է իր մտքերըսույնի վերաբերյալ. «Արդեօք Լոռիի շրջանի թաթարների տկարութի՞ւնն էր պատճառը, թէ Յովհ. Թումանեանի սպիտակ եւ կարմիր դրօշակները ու կէս խաղաղասէր, կէս սպառնագին ճառերը, որ Լոռիում խաղաղութիւնը չխանգարւեց: Յովհ. Թումանեանը համոզուած էր, որ իր ճառերը ապահովեցին իր հայրենի Լոռիի խաղաղութիւնը»:

Հետո Թումանյանի կյանքի այդ դրվագը պիտի դառնար ցարական կառավարության կողմից իրեն անարդարացիորեն վերագրվող մեղադրականի մասը, ինչըշուտով ի դերև է լինում, քանզի, ոնց Վ. Ահարոնյանն է նկատել՝ «Թումանեանի դէմ բերուած ամբաստանութիւնները շինծու եւ անհիմն էին... Յովհ. Թումանեանը երբեք կապ չէր ունեցել հայ քաղաքական և յեղափոխական կազմակերպութիւների հետ: Նրա կապը եղել էր հայ քաղաքական կուսակցութիւների անդամների հետ միայն, և այն էլ գրական և հասարակական գործունէութեան ասպարէզներում, ինչ որ չէր կարող հիմք ծառայելնրան հակապետական գործունէութեան մեջ մեղադրելու»:

Որպես Թումանյանի ժամանակակից և գրական մթնոլորտին քաջածանոթ անհատ՝ հեղինակը նաև իրավացիորեն նկատում ու վկայում է, որ «ժամանակակից  հայ գրողների մէջ Յովհ. Թումանեանն է ամենից շատ հետաքրքրութիւն ստեղծել դէպի գրականութիւնը եւ նպաստել հայ գրականութեան ու հայ գրողի ժողովրդականացմանը»: Իբրև դրա վկայություն հետագա էջերում նկարագրում է այն խանդավառությունը, որով հանպատրաստից շարունակական հանդիսություններ են արել Թումանյանի հիսնամյակի առթիվ Թեֆլիսում գործող թե՛ հայկական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները և թե՛ այլազգիները: Թանկ է նաև այն վկայությունը, որ հատկապես Թումանյանի շնորհիվ են Սայաթ-Նովայի անձն ու ստեղծագործությունը լայնորեն ճանաչում գտել բազմազգ մշակութային հանրության շրջանում: Ի՛ր ջանքերի շնորհիվ է Հայ Գրողների ընկերությունը կազմակերպել Սայաթ-Նովայի ծննդյան երկու հարյուրամյակի տոնակատարությունը: Բանաստեղծնանգամ փորձել է վերակենդանացնել հին աշուղական մրցումները:

«Հայի հաւիտենական միամտութիւնն» ու դյուրահավատությունն ուներ Թումանյանը՝ վկայում է Վարդգես Ահարոնյանը: Լոռվա բնության զավակը քաղաքում իր բնակատեղին էլ ընտրել էր այնպես, որ շենքը հենված լիներ ժայռին, իր բնակարանից էլ տեսանելի լինեին լեռներ ու անտառներ՝ Լոռվա բնաշխարհը հիշեցնող: Քնարական մի զեղումով հեղինակը նկարագրում է Թումանյանին. «Ինքը՝ Թումանեանն էլ մի եղնիկ չէ՞ր հայրենի լեռներից և անտառներից եկած ու մեծ քաղաքի խորթ ժխորի մէջ ընկած»: Թումանյանի անձնական իրերի նկարագիրն անգամ կարևոր է՝ ամբողջական պատկերացում կազմելու համար այն միջավայրի մասին, որում ապրում ու ստեղծագործում էր բանաստեղծը: Իր համարյա մանկական զանազան տարվածությունները, գեղեցիկ իրերի հավաքածուն, հոգատար վերաբերմունքն իր զավակների և ընդհանրապես, երեխաների հանդեպ, ժամանակի արժեքի վերաբերյալ իր ուրույն գնահատականը, արևապաշտ հոգու քմայքները, Մամիկոնյան ցեղին պատկանելու իր համոզմունքն ու այդ ուղղությամբ ապացույցներ հայթայթելը, իր բանաստեղծական անսահման երևակայությանն անհարիր կյանքի սուղ պայմանները, թամադայություն անելիս իր հոգեկան արբեցումը, Թումանյանի մեծությունը գնահատող մեցենատների մասին վկայությունները մի-մի պատմություններ են դառնում Ահարոնյանի գրչի տակ: Անգին են Խրիմյան Հայրիկի և Թումանյանի առնչությունների վերաբերյալ հուշապատումները, Խրիմյանի՝ Թիֆլիս այցի և տեղի հայությանն ուղղած խոսքի մասին համարյա պոետական շնչով ներծծված դրվագները պարունակող էջերը:

Թումանյանի գրական գործունեությանը, նամանավանդ «Վերնատանը» վերաբերող մանրամասները ևս վկայում են այն խոշոր դերը, որ ունեցել է բանաստեղծն ու մտավորականը՝ գրական միջավայր ստեղծելու, մտավորականության միտքը մեկտեղելու ուղղությամբ: Իսկ որպես հասարակական գործչի ու Մեծ մարդասերի կերպարը բացահայտվում է նաև գրքի այն բաժիններում, որոնցում նկարագրվում են բանաստեղծի վարքն ու ձեռնարկումները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Եղեռնի հետևանքով բնավեր հայ բնակչությանը Էջմիածնում օգնություն ցուցաբերելիս. «...Ամբողջ օրը, առանց դադարի, առանց հանգստի տառապող բազմութեան հետ էր, բազմութեան մէջ: Առաւօտից մինչեւ երեկոյ նիհար, բարձրահասակ եւ ժամանակից առաջ ալեւորած գլխով Յովհ. Թումանեանը գաղթականների մէկ խմբից միւսին, մէկ ընտանիքից միւսին էր անցնում, այստեղ մի մեռնող երեխայի վրայ կռանում, այնտեղ տիֆով բռնուած մի երիտասարդի խնամում, երրորդ տեղը հոգեվարքի մէջ գալաուով մի ծերունու կողքին կանգնում...»:

«Բռնութիւնն ու հալածանքը Յովհ. Թումանեանի համար անտանելի էին»,- վկայում է Վարդգես Ահարոնյանը: Մի այլ տեղ էլ լրացնում է միտքը. «Պատերազմը ատելի էր Յովհ. Թումանեանի համար: Բայց քանի որ հայ ժողովրդի կամքից անկախ պատերազմը եկել էր, ուրեմն պէտք էր ընդունել կռիւը եւ աշխատել հայ ժողովուրդը արհաւիրքի դէմ պաշտպանել: Եւ Թումանեանը հրապարակ նետւեց եռանդով՝ խօսքով, գրչով եւ գործով, իր անձի օրինակով»:

Ոչ միայն ընթերցելու, այլ նաև ամբասիր վարքի ու ազնվության, մարդասիրության դասեր քաղելու համար երաշխավորելով այս գիրքը՝ խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Թումանյանի հետ հանդիպումից տպավորված Սիամանթոյի խոսքերով, որ դարձյալ բերված են այս գրքույկում. «Աս ի՜նչ զարմանալի մարդ է սա մեր Թումանեանը... ջրվէժի նման՝ կը հոսի, կը հոսի, կը հոսի անդադար, եւ ծիածանը, որ կամար կը կապէ իր վրայ...»:

 

Հասմիկ Սարգսյան