Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեզվի տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանն այն տեսակետին է, որ այսօր մայրենիի նկատմամբ կան արևմտյան մարտահրավերներ, որ հայոց լեզուն տանում են կործանման ու օտարման: Yerkir.am-ի հետ զրույցում նա հիշեց, թե ինչպես Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ որոշեցին տոնել Մայրենիի համաշխարհային օրը: Բայց այսօր պետականորեն որևէ մեկի ուշադրությունը չի գրավում այս տոնը:
«Այս հարցով մտահոգվում էր միայն Սփյուռքի նախարարությունը: Նրանք էլ ի՞նչ էին անում. յոթ հատ ծաղիկ էին վերցնում, գնում Օշական, ծաղիկներ էին խոնարհում Մաշտոցի գերեզմանին, ու վերջացավ: Լեզվի օրենքը պահպանելու մասով առաջընթաց ես չեմ տեսնում: Վերահսկողություն է պետք, իսկ այդ վերահսկող մարմինը կա` Լեզվի կոմիտեն, որին տրված չեն վերահսկողական գործառույթ իրականացնելու գործիքակազմ ու լիազորություններ: Օրենքը կա, բայց այն կիրառողները չկան: Այսինքն` օրենքի դրույթները հռչակագրային են: Ցավով պետք է ասեմ` Երևանը դարձել է օտար լեզուների քաղաք: Օտարալեզու գրությամբ պաստառներ ու գովազդներ ունենալու այս մտահոգությունն այսօր տարածված է նաև մարզերում: Լեզուն ազգային անվատնգության խնդիր է, որ պետք է բոլորիս մտահոգի»,- ասաց Միրզոյանը:
Նա ցավով փաստեց նաև, որ արևմտահայերեն խոսող հայերի թիվը 1 միլիոնի է հասնում, իսկ արևելահայերենով խոսում է 9-10 մլն հայ: Նոր իշխանությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս հանգամանքին ու մտահոգվեն արևմտահայերենի պահպանությամբ: «Կրթության և գիտության նախարարությունը չունի լեզվաքաղաքականության ծրագիր: Հայերենի հաշվին առաջնային դիրք է գրավում անգլերենը: Եթե որևէ մեկին ուզում են աշխատանքի ընդունել, առաջին հերթին ասում են` անգլերենի խորացված իմացություն է անհրաժեշտ: Դրան զուգահեռ` «Լեզվի մասին» պետական օրենքում տասնմեկ ուղղագրական սխալ կա»,- ընդգծեց Լավրենտի Միրզոյանը: