կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 10:13
Հասարակություն

Հայոց բանակը 27 տարեկան է

Հայոց բանակը 27 տարեկան է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, այն դարձավ 27 տարեկան: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։

Հայկական զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ. մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։