կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 17:51
Տնտեսական

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող բնական գազի պայմանագիրը չթարմացնելու դեպքում հնարավոր է պարտք կուտակենք. Սուրեն Պարսյան

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող բնական գազի պայմանագիրը չթարմացնելու դեպքում հնարավոր է պարտք կուտակենք. Սուրեն Պարսյան

Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ դեկտեմբերին թարմացվի Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի պայմանագիրը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Բանն այն է, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվելու է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի պայմանագրի այն դրույթը, որով ՌԴ-ն 1000 խմ բնական գազը Հայաստանին է վաճառում 150 ԱՄՆ դոլարով:

Պարսյանը տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ են տեղի ունենում այդ համաձայնագրի շուրջ, իսկ նախարարը կոնկրետ նշել է, որ քննարկվում են պայմանագրի պահպանման կամ վերանայման տարբերակները: «Նա նշել է, որ խնդիր չի տեսնում եթե պայմանագիր չկնքվի այս տարվա ընթացքում, և կնքված պայմանագիրը շարունակի գործել»,- ասաց տնտեսագետը և հիշեցրեց, որ նման երևույթ տեղի է ունեցավ 2011 թվականին:

«Այդ ժամանակ էլ գազի համաձայնագիրն ավարտվեց, և հունվարի 1-ից գործեց Ռուսաստանի կողմից թելադրվող գազի գինը: Երեք տարի մեր ազգաբնակչությանը չտեղեկացրեցին, որ մենք ավելի թանկ գնով ենք փաստացի ձեռք բերում բնական գազը, հետո 2013 թվականի դեկտեմբերի 3-ին պայմանագիր կնքեցինք, որով արձանագրվեց, որ 270 դոլարով ենք նախորդ երեք տարիների ընթացքում գազը ստացել, ինչի արդյունքում կուտակվեց 300 մլն դոլարի պարտքը: Այսինքն` համաձայնագրի չկնքման հետևանքով հնարավոր է ձևավորվի նաև պարտք: Սա մեր պրակտիկայից բխող եզրակացություն է, հետևաբար` ամեն ինչ պետք է անել, որ դեկտեմբերի ընթացքում կնքենք նոր պայմանագիր, հակառակ դեպքում` ռուսները կարող են իրենց նախատեսած գնով ներմուծում անել Հայաստան, 2-3 տարի հետո պայմանագիր կնքենք, որով պարզվի՝ նախորդ շրջանում 180 դոլարով ենք ներմուծել և պարտք կուտակել»,- ասաց նա:

Պարսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ 300 մլն պատրքի դիմաց Ռուսաստանին ենք զիջել «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը: «Այս անգամ ի՞նչ ենք վաճառելու: Սա լուրջ խնդիր է, և  մեր էներգետիկ համակարգը պետք է գտնի լուծում, հակառակ դեպքում` կարող ենք պարտք կուտակել: Այն անհոգ վիճակը, թե ամեն ինչ նորմալ է,  կշարունակենք պայմանագիրը, ճիշտ չէ: Մենք նոր պայմանագիրը պետք է կնքենք հիմա,  որ հստակ իմանանք` հունվարի 1-ից որքան պետք է վճարենք գազի դիմաց»,- շեշտեց նա:

Նրա կարծիքով` եթե կարողանանք 150 դոլար սակագինը պահել, շատ կարևոր կլինի: «Բայց հաշվի առնելով, որ կառավարությունը խոսք է տվել գազի, էլեկտրաէներգիայի սակագները իջեցնել, նրանք պետք է ամեն ինչ անեն` իրենց բանակցությունների միջոցով այս 150 դոլարը նվազեցնեն, հակառակ դեպքում` մենք կունենանք գների աճ նաև էներգակիրների մասով»,- ասաց տնտեսագետը:

Ամփոփելով խոսքը` Պարսյանն ընդգծեց. «Հին խորհրդային մոտեցում կա` եթե ցանկացած հարց ուզում ես թաղել, ստեղծիր հանձնաժողով: Կառավարությունը և Ազգային ժողովը ստեղծեցին գազի հարցերով զբաղվող հանձնաժողովներ, որոնք, ըստ նրանց, պետք է ցույց տային գազի գնի իջեցման ուղիները: Հհիմա առավելապես խոսվում է բնական գազի սակագնի պահպանման մասին, ինչը ճիշտ մոտեցում չէ: Միգուցե նաև այս հանձնաժողովները կշարունակեն գործել և եզրակացության կգան, որ բավականին լավ աշխատանք ենք կատարել, և գինը կարողացել ենք «հերոսաբար» պահել»: