կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 11:30
Քաղաքական

Պաշտոնակատարին քննադատողը պետության դավաճան է․ «Հայոց աշխարհ»

Պաշտոնակատարին քննադատողը պետության դավաճան է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է.«Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության եկավ «ժողովրդավարական շարժման» ալիքով, շարունակում է նորանոր փաստեր ու փաստարկներ հրամցնել, առ այն, որ ժողովրդավարության, բազմակարծության, քննադատության համարժեք ընկալումն ու ինքը անհամատեղելի են: 

Այնպես չէ, թե դա նոր միայն երեւաց: Ամենեւին: Ուղղակի այս արագընթացը քարոզարշավի ընթացքում դա ավելի ցայտուն է դրսեւորվում: Գրեթե օր չի անցնում, որ քարոզարշավի ելած Փաշինյանը մի նոր ապացույց չներկայացնի։ 

Հերթական փայլատակումը դեկտեմբերի 1-ին էր, Գորիսում նախընտրական հավաքում ունեցած ելույթում: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդն ու վարչապետի պաշտոնակատարը, ըստ էության հայտարարեց, որ Արցախի խնդրի հետ կապված հարցերում իրեն քննադատողները պետության դավաճան են եւ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, ավելի կոնկրետ՝ նշված ծառայության ռազմական հակահետախուզության ստորաբաժանումը: Սա չափազանց վտանգավոր հայտարարություն է, անկախ նրանից, թե ով ում հանդեպ ինչ քաղաքական համակրանք կամ հակակրանք է տածում: 

Առաջին բացասական հանգամանքն այն է, որ Փաշինյանը գրեթե համոզված է, թե Արցախի, պաշտպանունակության, սպառազինության վերաբերյալ ընտրապայքարի մասնակից տարբեր մրցակից ուժերի հայտարարությունները իբր արվում են այն հաշվարկով, որ այդ ուժերը զգալով... «իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ եւ այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը»:

Փաշինյանը, «մոռանալով», որ ինքն այլեւս պետության ղեկավար է, այս դրույթը առաջ է քաշում իբր որպես «վարկած»: Ու. «Ես կարծում եմ, որ ահա իմ ասած վարկածի ստուգմամբ եւ այդ հայտարարություններով այլեւս պետք է զբաղվեն նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ռազմական հակահետախուզությունը, որովհետեւ ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»:

Ավելին. «Ուզում եմ շատ հստակ արձանագրել. եթե որեւէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդին, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որեւէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին»։

Սա, ըստ էության, որեւէ քննադատական վերաբերմունք, առավել եւս՝ քննադատական վերաբերմունքի որեւէ հրապարակային դրսեւորում ճնշելու բացահայտ դրսեւորում է:

Ավելորդ չէ նշել, որ դա անում է մի գործիչ, որի նախկինում ներկայացրած ուժը (ՀԱԿ-ը), որի գլխավորած լրատվամիջոցը (տարբեր հեղինակների միջոցով) անցած տասնամյակներում մեկ անգամ չէ, որ այդ շրջանի իշխանություններին ուղղակիորեն մեղադրել է «Ղարաբաղը ծախելու» մեջ, էլ չենք ասում, որ ժամանակ առ ժամանակ իբր հավաստի աղբյուրներից կոնկրետ ժամկետներ են նշել՝ «Ղարաբաղը ծախելու», «ազատագրված տարածքները հանձնելու» վերաբերյալ: 

Փաստն այն է, որ նախ՝ Արցախը բնականաբար ոչ ոք չի «ծախել» կամ «հանձնել», երկրորդ՝ այս հրապարակման տեսանկյունից կարեւոր փաստն այն է, որ լավ է՝ անցյալներում ծայրահեղ արմատական ընդդիմադիր Փաշինյանին պետության դավաճան չէին հռչակել, էլ չենք ասում՝ ավելին: 

Բայց հարցն ու բուն մտահոգությունը տվյալ դեպքում այն չէ միայն, որ Փաշինյանն, օրինակ, ՀՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներին, նկատենք, քաղաքական ուժերի, որ կանգնած են եղել Արցախի ազատամարտի, մարտական կազմակերպված պայքարի ակունքներում, «չծառայածների կառավարության» վարչապետը մեղադրում է պետական դավաճանության մեջ ու ԱԱԾ-ին հրահանգում է հարձակվել նրանց վրա»: