կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 19:40
Առանց Կատեգորիա

Ոստիկանությունը թևակոխում է քարոզարշավի փուլ

Ոստիկանությունը թևակոխում է քարոզարշավի փուլ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ինչ-որ մտահոգ է: Ահա, նա անձամբ է գնացել Վայոց ձորի մարզ` սեփական աչքերով տեսնելու նախընտրական իրավիճակը, հանդիպելու անգամ ռեյտինգային թեկնածուների հետ, որոնցից, պարզվում է, շատ մեծ բան է կախված, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի, ընտրակաշառքի խոստումներ չտրվեն, և, սա արդեն վերջն է` կրկնաքվեարկություններ չլինեն: Նպատակն, անշուշտ, լավն է` ազատ, ԸՕ տառին ու հնչյունին համապատասխան ընտրություններ ունենալ:  Բայց շատ ներողություն, այդ ի՞նչ պետք է անեն Վայոց ձորի` Վալերիյ Օսիպյանի ենթակաները, մարզպետը և այդ ընտրատարածքում գրանցված ռեյտինգային թեկնածուները, որպեսզի կրկնաքվեարկւթյուններ չլինեն: Վայոց ձորում, այդ ինչ է, համապատասխան սարքեր չկա՞ն, որպեսզի բացառվի կրկնաքվեարկությունը:

Չէ, իսկապես Վալերիյ Օսիպյանը մտահոգ է: Հավանաբար, նրան արդեն զեկուցել են, որ Նոր Հայաստանում նույնիսկ ընտրակաշառք խոստանալու և տալու ձևն է փոխվել: Ենթադրենք` ինչ-որ մեկին պաշտոն ես խոստանում: Դե արի ու հասկացիր` դա ընտրակաշառքի խոստո՞ւմ է, թե՞ Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ քայլ:

Պարո'ն Օսիպյան, մեր հարևան Շմավոնին քաղաքապետ Հայկ Մարությանը թաղապետ նշանակեց Երևանում քարոզարշավի հենց նախօրյակին: Չարժե՞, արդյոք, հետաքրքրվել, թե դա ինչ հոդվածի տակ կարող է ընկնել: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ոստիկանությունն ուղիղ ենթարկվում է վարչապետի պաշտոնակատարին, որ չգրված օրենքով նույն կարգավիճակում է նաև Հայկ Մարությանը, բայց հո գիտենք, որ վարչապետի պաշտոնակատարը պատրաստ է կոտրել այն ձեռքը, որ կաշառք կտա ընտրողին: Բա նորանշանակ թաղապետը ընտրող չէ՞: Էնքան էլ լավ տեղերից են բռնացնում ընտրողներին պաշտոնի դնելիս: Մեկը չեղավ մեզ ասեր` ո՛վ ՀՀ հպարտ քաղաքացի, առ էս մի պաշտոնն էլ քեզ: Շարքային քաղաքացի Էդիկ Անդրեասյանը քանի՞ ձայն կարող է բերել, որ մի հատ էլ պաշտոն առաջարկեն: Չէ, իրենք գնում են «նախկին» օլիգարխների մոտ, հարցնում են` մարդ ունե՞ս, պաշտոնի դնենք… Էդ նախկին օլիգարխն էլ հո խոտակեր չի՞, որ չհասկանա նուրբ բաները:

Բայց ոստիկանապետի հետ այսպիսի բաներից խոսելը բավականին ռիսկային է: Մեկ էլ տեսնես կհետաքրքրվի` կարող ա՞ ընտրակաշառքի դեպք ես լսել ու չես հայտնել: Չէ, ախպեր, ոչ տեսել եմ, ոչ լսել: Եվ, առհասարակ, ես օրենքի պաշտամունք ունեմ և պաշտոն էլ չեմ ուզում:

Եվս մի կարևոր հարց, որի վրա Վայոց ձորի պատասխանատուների և ոստիկանական շարքերի ուշադրությունն է հրավիրել պարոն Օսիպյանը: Ասել է` չլինեմ, չիմանամ, ընտրատեղամասերի մոտ մեքենաներ կուտակվեն: Տարբերակ չկա, պարո'ն Օսիպյան: Եթե հիշում եք, Երևանի ընտրություններին շատ ահազանգեցինք, որ տեղամասերի մոտ մեքենաների կուտակումներ կան: Մեզ հստակ բացատրվեց, որ դրանք ընտրողների ավտոմեքենաներն են: Մարդուն հո չե՞ս պարտադրի ոտքով գալ ընտրության: Եվ հետո մեքենաների առատությունն ընտրատեղամասերի մոտ մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի մասին է խոսում: Օտար դիտորդների աչքերն ուղղակի փայլում են ուրախությունից, որ Հայաստանում սկսել են լավ ապրել, որ մի տնից 3 մարդ 3 մեքենայով է գալիս ընտրության: Չէ, դրա մեջ իսկապես վատ բան չկա, միայն թե «ԳԱԶել»-ներով չբերեն իրենց հավատավոր ընտրողներին:

Եվ` գլխավորի մասին: Վալերիյ Օսիպյանը չի մոռացել հրահանգել` զենք-զինամթերքով անձանց թույլ չտալ մտնել ընտրատեղամաս: Սա շատ կարևոր հիշեցում է Վայոց ձորի մարզպետին, ռեյտինգային թեկնածուներին և, իհարկե, ընտրատեղամասերում հսկողություն իրականացնող ոստիկաններին: Այսինքն այդ մարդիկ ի՞նչ են անելու ընտրողներին, «շմո՞ն»: Տատի ջան, արի քեզ շոշափեմ, տեսնեմ զենք-զինամթերք չունե՞ս: Բայց հո զինված տատին միամիտ չի՞, որ զենքը «պալտոյի» վրայից կապած գա: Չէ, իսկապես, պարոն Օսիպյանը ոչինչ չի ասել ընտրատեղամասերում մետաղորսիչների կամ զենք փնտրող շների հնարավոր առկայության մասին: Հարգելի ոստիկանապետը, պարզապես, զենք-զինամթերք հայտնաբերելու պատասխանատու գործը հանձնարարել է Վայոց ձորի մարզպետին, որ ներկա է եղել հանդիպմանը, ռեյտինգային թեկնածուներին և տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկաններին: Հուսանք` նրանք պատվով կկատարեն այդ հանձնարարությունը:

Իշխանությունների կողմից քարոզարշավի ժամանակ պետական ռեսուրս գործադրելու` ծառայողական մեքենաներ, վարորդներ, արձակուրդ չգնացած նախարարներ, մարզպետներ և այլն, քաղաքի հաստաբուն ծառերը, էլեկտրասյուները, պետական շենքերի պատերը, բնակելիների շքամուտքերը իշխանական թեկնածուների քարոզչական նյութերի գրատախտակ դարձնելու և էլի ուրիշ ընտրախախտումների մասին կխոսենք հաջորդ անգամ, որպեսզի հայրենի ոստիկանությանը շատ չծանրաբեռնենք: Ասում են` ոստիկանությունն ահագին չարչարվել է մինչև ընտրացուցակները հասցրել է կատարելության: Բերանով ասելն է հեշտ` 2 միլիոն 574 հազար 916 ընտրող: Մեկն այն օրն ասում էր` Չինաստանի ոստիկանության գործն ավելի դժվար է: Միամիտ չլինեք: Չինաստանում ռեգիստրը վաղուց ոստիկանությունը չի վարում: Դրա համար համակարգիչներ կան, իսկ մերոնք դեռ տնետուն են հաշվում:

Էդիկ Անդրեասյան