կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 20:10
Առանց Կատեգորիա

ԿԳՆ-ն որոշեց. 9-րդ դասարանցիների` «Հայոց լեզու» առարկայի քննությունը կլինի կենտրոնացված

ԿԳՆ-ն որոշեց. 9-րդ դասարանցիների` «Հայոց լեզու» առարկայի քննությունը կլինի կենտրոնացված

Տեղեկացրել էինք, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաև ավարտական քննությունները: Ավելի ուշ որոշվեց, սակայն, որ ընթացիկ ուսումնական տարվա վերջին միասնական քննությունների տարբերակով կանցկացվի ավարտական քննություններից միայն մեկը՝ «Հայոց լեզու» առարկայից, և ի տարբերություն նախապես ծրագրված ամբողջ ծավալի, անցումը կլինի աստիճանական, ինչպես տարիներ առաջ եղավ միասնական քննությունների դեպքում: 9-րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ նույնպես առաջարկվում էր կենտրոնացված տարբերակով կազմակերպել քննություններից դեռևս միայն  մեկը:

Մինչ այս պահը որևէ որոշում չկար, թե ինչպես են անցկացվելու քննությունները, սակայն ԿԳՆ-ն արդեն որոշում է կայացրել: Yerkir.am-ը զրուցել է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ:

-Ի՞նչ ձևաչափով կանցկացվի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունը, ինչպես նաև 9-րդցիների համար նախատեսված քննությունը:

-Մենք ունեինք գաղափար 9-րդ և 12-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից ավարտական քննություններն անցկացնել կենտրոնացված: Ժամանակն էր եկել, որ մենք դրան առերեսվեինք, այսինքն` մենք հասկանում էինք, որ արդյունքները կարող է այնքան էլ ոգևորիչ չլինեին, սակայն, մյուս կողմից, հասկանում էինք նաև, որ այս խնդրին պետք է բախվենք, որ հասկանանք` որտե՞ղ ենք, ո՞ւր պետք է գնանք և ի՞նչ լուծում պետք է տրվի խնդիրներին: Սակայն որպեսզի շատ կտրուկ քայլի էլ չդիմենք, որոշեցինք նախ արտաքին գնահատում իրականացնել, որպեսզի հասկանանք` ինչ արդյունք կարող է լինել և ինչ ռիսկերի կարող ենք գնալ: Ամենառիսկայինը, բնականաբար, 12-րդ դասարանում փոփոխություն կատարելն էր, քանի որ այդտեղ մենք ունենք զորակոչի ժամկետների հարց, և ՊՆ-ի հետ խնդիր կլիներ, եթե մեծ թվով անցողիկի շեմը չհաղթահարած շրջանավարտներ ունենայինք: Եվ քանի որ արտաքին գնահատման ցուցանիշներն էլ բավականին ցածր էին, ի վերջո եկանք այն եզրակացության` 12-րդ դասարանում քննություններն այս տարի կենտրոնացված քննությունների տեսքով չանցկացնել: Սակայն որոշվեց, որ 9-րդ դասարանցիների` «Հայոց լեզու» առարկայի քննությունը կլինի կենտրոնացված:

-Իսկ հաշվի առնվե՞լ են ռիսկերը, որ, օրինակ, եթե երեխան չհանձնի քննությունը, մնալու է նույն դասարանում, և սա ինչ-որ առումով բյուջեի վրա էլ հավելյալ ծախս դառնում, թե՞ կարծում եք, որ գուցե սա ազդակ լինի աշակերտների համար, որ ավելի լուրջ պատրաստվեն:

-Մենք հիմա քննարկում ենք նաև, թե որ արդյունքի դեպքում ինչ կարելի է անել, սակայն, ամեն դեպքում, կարծում ենք, որ կարող ենք պահպանել նախկին ընթացակարգը` վերաքննությունների հնարավորություններով: Այսինքն` աշակերտին կտրվի երկու անգամ վերաքննություն հանձնելու հնարավորություն, ինչպես նախկինում էր: Մյուս կողմից, կարծում եմ` սա աշակերտներին ավելի կմոտիվացնի, ինչպես նաև հիմա ավելի զգոն կլինեն: Մայրենի լեզուն պետք է սիրել ու լավ տիրապետել դրան, այնպես որ` կոչ եմ անում երեխաներն` ավելի շատ ժամանակ տրամադրել գիտելիքներ ձեռք բերելուն: Բայց արտաքին գնահատման արդյունքները ոչ միայն մեզ համար էին ազդակ, այլ նաև աշակերտների:

-Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին գնահատման արդյունքները շատ ցածր էին, մտավախությո՞ւն չկա, որ շատերն ուղղակի անցողիկի շեմը չեն հաղթահարի:

-Անկախ այն հանգամանքից` քննությունները կենտրոնացված են, թե` ոչ, միևնույն է, երեխան, որը երկու անգամ վերաքննություն էր հանձնում ու երկուսի դեպքում կտրվում, մնում էր նույն դասարանում: Այսինքն` այս կարգում որևէ բան չի փոխվել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ վերաքննության ժամանակ արդեն իսկ երեխաները կարողանում են անցողիկի շեմը հաղթահարել: Պետք չէ վախենալ, կարծում եմ` երբ խնդրի լուծմանը մենք մերժողաբար ենք նայում, խնդիրը երբեք չի լուծվի: Այսինքն` անընդհատ մերժողական ելքեր գտնելով, հետևանքներից վախենալով`այդ խնդիրը չենք լուծի: Մենք գիտենք, որ գուցե արձանագրվի ցածր ցուցանիշ, սակայն կենտրոնացված համակարգը չի ենթադրում, որ թեստերը կազմվելու են բարդ շտեմարանների միջոցով կամ այնպիսի առաջադրանք է թեստը ներառելու, որն աշակերտները չեն անցել: Ո՛չ, լինելու են թեստեր` մշակված դպրոցական ծրագրի շրջանակներում:

 -Ի՞նչ է սա տալու երեխաներին, ի վերջո, սա ինչի՞ն է գալիս փոխարինելու` կրկնուսույցների՞ն, անվերջ դժգոհություն հարուցող շտեմարանների՞ն: Այսինքն` ի՞նչ խնդիր է սա լուծելու:

-Երեխաները, ուսուցիչները կարող են ունենալ ավելի շատ մոտիվացիա` ինչքան հնարավոր է բարձր ցուցանիշ ցուցադրելու առումով: Սա հնարավորություն է երեխաներին, որ իրենք վերանայեն իրենց վերաբերմունքը գիտելիքի նկատմամբ, ուսուցիչներն էլ իրենց հերթին վերանայեն գիտելիքի տրամադրման մեթոդը: Բացի այդ` այդ քննություններից ստացված արդյունքների հետ մենք հաշվի ենք նստելու, քանի որ դրանք ցուցանիշներ են, որոնց հետևում կա պատճառ: Այդ արդյունքները կարող են բերել և՛ ուսումնական պլանի վերանայմանը, և՛ ուսուցչի որակական հատկանիշների վերանայմանը: Բացի այդ` սա կփոխի գիտելիքների նկատմամբ աշակերտների վերաբերմունքը: Երբեմն մենք պետք է բախվենք և առերեսվենք խնդիրների հետ, որպեսզի դրանց լուծում գտնենք: Աշակերտների կողմից գիտելիքի նկատմամբ կա ավելի մակերեսային վերաբերմունք, սակայն հետագայում այս վերաբերմունքը հաստատ փոխվելու է:

Հ. Գ. ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանն ավելի վաղ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ այս տարի 9-րդ դասարանցիների համար «Հայոց լեզու» առարկայից կլինի նորություն` քննությունը կլինի թեստային, բայց դրա մեջ կներառվի երեխայի շարադրանքը:

Կարինե Հարությունյան