| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բաղեշի (թուրք. անվանումը` Բիթլիս) Անդենց գյուղի (թուրք. անվանումը` Դեյիրմենալթը)` ավելի քան 1400 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին օգտագործվում է որպես մարագ և հարդանոց: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Իհլաս» թուրքական լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` սույն եկեղեցին 1993 թ. գրանցվել է Դիարբեքիրի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհրդի կողմից: Եկեղեցու շուրջ առկա են նաև 15-րդ դարի խաչքարեր, որոնց մի մասը դեռ կանգուն է, մյուս մասը` ջարդուփշուր եղած:
Աղբյուրը նաև հայտնում է, որ եկեղեցին բաղկացած է երկու շինությունից, որոնցից մեկը կառուցվել է դեռևս 6-րդ կամ 7-րդ դարերում: Գյուղի տարեց բնակիչները թուրքական լրատվամիջոցին հաղորդել են, որ երբ իրենք մեկ այլ շրջանից այստեղ են տեղափոխվել, եկեղեցին լիովին կանգուն է եղել:
Կարինի (թուրք. անվանումը` Էրզրում) Աթաթուրքի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի մագիստրոս և լուսանկարիչ Բուրհան Գյունդողդուն լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիշյալ գյուղում լուսանկարներ անելիս պատահաբար է հանդիպել այս եկեղեցուն: Նա նաև շեշտել է, թե հարկ է եկեղեցին արժևորել թե' մշակութային և թե' տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու առումներով, ու հավելել. «Երբ ժամանակ եմ ունենում, լուսանկարչությամբ եմ զբաղվում, որը հոբբի է ինձ համար: Այս հինավուրց եկեղեցին, որի անունը Սուրբ Անանիա է, պատկանել է հայերին: Եկեղեցին ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի շատ էական պատմական արժեքների, ինչպես օրինակ` հսկայական գերեզմանաքարերի և արձանագրությունների»:
Գյունդողդուն, նաև հայտնելով, որ եկեղեցու լուսանկարներն անելիս շատ է տպավորվել, նշել է. «Քանզի այդ քարերի երկարությունը 5-6 մ է, և նրանց վրա փորագրություններ են առկա, որոնք պատկերում են քրիստոնեության առաջին ժամանակաշրջանը, ինչպես նաև` այլ պատկերներ ու խաչի նշաններ: Խաչքարերի վրայի պատկերների մի մասը հասկանալի է, մյուսը` ոչ: Խաչքարերի մեծ մասը ցրված է եկեղեցու շուրջ: Քանի որ այդ տարածքը ներկայում պատկանում է անհատի, եկեղեցին օգտագործվում է որպես հարդանոց, և այնտեղ խոտ ու ծղոտ է պահվում: Քանի որ կարծում ենք` այս կառույցը շատ կարևոր է, ցանկացանք, որ մեր արած լուսանկարները հրապարակվեն: Մտածում ենք, որ եկեղեցու շնորհիվ այս նահանգում կզարգանա զբոսաշրջությունը: Այդ պատճառով հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն եկեղեցու վերականգնման աշխատանքները, որովհետև այն էապես կնպաստի մեր Բիթլիսի և այս գեղեցիկ գյուղի զբոսաշրջության զարգացմանը: Երբ նկատի ենք ունենում, որ նման հարստությունը մինչ այժմ կարողացել է կանգուն մնալ, ըմբռնում ենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը»: