Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում:
«Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից գուցե փոքր-ինչ ցավոտ թվան, բայց հենց դրանք են ենթադրում համակարգի առողջացում ու բարեփոխում հատկապես առողջապահության ոլորտում: Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք` հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ՝ անկախ բուժհիմնարկի սեփականության ձևից կամ դրանց սեփականատերերի և տնօրենների նախկին ու ներկա կարգավիճակից»,-շեշտել է նախարարը։
Ըստ նրա՝ տասնյակ բուժհաստատություններում այսօր նախարարությունն իրականացնում ու դեռ իրականացնելու է ուսումնասիրություններ: Խոշոր խախտումների ու չարաշահումների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացվել է, մի մասի վերաբերյալ՝ դեռ ոչ.«Այն, որ կան հարուցված քրեական գործեր, իրավապահներին փոխանցված գործեր, արդեն նշանակում է, որ համակարգի թափանցիկության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ շատ անելիք ունենք ու այս հարցում վճռական ենք:
Պետբյուջեի միջոցներն, այո, չեն բավականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց միտումն այս պահին դրական է, քանի որ 2019թ. համար ունենք առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ, և աճին զուգընթաց այդ բացերը կլրացվեն»:
Թորոսյանի խոսքով՝ առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի՝ առանց որևէ նախապայմանի, և այդ առումով արդեն ունեն դրական ցուցանիշեր.«Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշով` ոլորտային աճը կազմել է մոտ 30%, որի «առյուծի» բաժինը հենց ստվերի կրճատման շնորհիվ է։ Ստվերի կրճատմանը մենք, որպես կառավարություն, հասնելու ենք նաև պետպատվերի ֆինանսավորման համակարգի փոփոխություններով, երբ կկապենք պաշտոնական վճարովի ծառայությունների ծավալը պետական պատվերի ծավալի հետ՝ բյուջետային որոշ ծրագրերի համար»: