կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 11:17
Քաղաքական

2019-ի բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով. վարչապետ

2019-ի բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով. վարչապետ

ՀՀ  2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով. ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` մենք եկել ենք այն համոզման, որ 2019թ. պետբյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով (մոտավորապես 90 միլիոն դոլար): Այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով»,- ասաց նա:

Վարչապետը ներկայացրեց, թե ինչի արդյունք է 40 միլիարդ դրամի հավելյալ հավաքագրումը պետական բյուջե: «Սա առաջին, հերթին, իհարկե, ստվերի դեմ կառավարության և ՊԵԿ-ի վարած քաղաքականության արդյունք է: Ուզում եմ նշել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ ընդհանրապես չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական, բանակցային, երկխոսության մեթոդը: Հաջորդ կարևոր գործոնը, որը մեզ թույլ է տալիս, որպեսզի պետական եկամուտների այսպիսի լրջագույն գերակատարում ունենանք, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է: Հայաստանի քաղաքացիները իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերի դեմ պայքարում. 2018 թվականի մայիսից մինչև այսօր 65 միլիոն ավելի ՀԴՄ է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում»,- ասաց Փաշինյանը:

«Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Խոսքը մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է: Բացի այդ` մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների` տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ այս գործընթացում կլինեն խնայողություններ: Մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի կհաջողվի գերազանցել: Նշեմ, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը, դա բոլորովին ուրիշ պատմություն է»,- մանրամասնեց վարչապետը: