Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 13:13
Քաղաքական

Երևանի ավագանու ընտրությունները Շրեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի միջև պայքար է. Լևոն Զուրաբյան

Երևանի ավագանու ընտրությունները Շրեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի միջև պայքար է. Լևոն Զուրաբյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ամփոփեց իրենց կուսակցության անցած 5 տարիները: Նա նշեց, որ պրոֆեսիոնալները մինչև վերջ են խաղում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին նա ասաց, որ իրենք պարտվել են մի խաղ, այն էլ` մինչև վերջ չեն պարտվել: «Երբ խաղը հավասար չի, դատավորը ծախված է, ոտքին կանդալներ են հագցրել և ստիպում են խաղալ, նման խաղում պարտվելը ո'չ ամոթ է, ո'չ նվաստացուցիչ, այլ` պատվաբեր»,- ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ի մուտքը ԱԺ էապես փոխեց քաղաքական մթնոլորտն ու մշակույթը ՀՀ-ում. ԱԺ-ում իրենք 7 հոգով էին, բայց կարողացան իրենց շուրջը համախմբել բավականին շատ պատգամավորների, և հնարավոր դարձավ աստիճանաբար հասնել նրան, որ ոչ իշխանական ուժերը հայտնվեցին հայտնի քառյակի մեջ: «Այդ քառյակը սահմանափակ թվով հարցերի լուծումներ տվեց, բայց պարտադրեցինք կառավարության հրաժարականը: Դրանից հետո ձևակերպվեցին քառյակի 12 կետերը, որոնք բարձրացնում էին հասարակությանը հուզող հարցեր, այդ կետերից շատերը ևս պարտադրվեցին, որ իշխանությունները իրականացնեն»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով` ոչ մի հարց ՀՀ-ում չի լուծվել, և շատ շուտով մենք ականատես կդառնանք բուռն զարգացումների:

Խոսելով իրենց անելիքների մասին` Զուրաբյանը նշեց, որ իրենց մոտ այս պահին որևէ քաղաքական ծրագիր չկա: Ըստ նրա` օրակարգը մնում է նույնը` իշխանափոխություն, փտած համակարգի ապամոնտաժում:

«Դա միայն մեր օրակարգը չէ, դա մեր հասարակության օրակարգն է, մենք ոչ մի խնդիր չենք լուծել: Կա'մ մենք իշխանափոխությունով կզբաղվենք, կա'մ մենք էլ չենք լինի, պետությունն էլ չի լինի: Ճանապարհները մենք միշտ էլ ասել ենք»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ երբ փակվում են ընտրություններով իշխանափոխություն անելու եղանակները, ապստամբության միջոցն է մնում:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին` նա նշեց, որ դա իրեն մուլտֆիլմեր է հիշեցնում: «Շրեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի միջև պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում` այդ մուլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը հաստատ չունի: Բացի փչացնելուց, նա լավ բան չի ստեղծում», - հայտարարեց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաև «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակին: «Իրականացվում է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը: 2018 թվականի ապրիլի 8-ին ավարտվում են նախագահի լիազորությունները: Հիմա նա պետք է վերարտադրվի` որպես վարչապետ: Դրա համար նա կարծես բոլոր հիմքերը ստեղծել է, բայց քանի որ կա Կարեն Կարապետյանի ֆակտորը, որը հենց այդպես չի ցանկանում հանձնվել, ուստի Սերժ Սարգսյանին պետք է ստեղծել ԱԺ-ում ինչքան հնարավոր է ավելի հուսալի մեծամասնություն: Իմ կարծիքով` «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած «ապստամբության» մեղավորը հենց ՀՀԿ-ն է»,- հայտարարեց Զուրաբյանը: