կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 20:32
Իրավական

Վաչագան Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամի դիմաց

Վաչագան Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամի դիմաց

 ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը փոխանցեց, որ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո այն կուսումնասիրեն եւ հանդես կգան հայտարարությամբ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Ղազարյանը մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր: