կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-28 16:32
Հասարակություն

5 ամսական երեխայի մահվան պատճառը պարզվում է

5 ամսական երեխայի մահվան պատճառը պարզվում է

Հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա էր մահացել:

Երեխայի ծնողները երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում: Երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը, երեկ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հույս ունի՝ երեխայի մահվան մեջ բոլոր մեղավորները կպատժվեն: «Միանշանակ նկատի ունեմ Հերացու անվան «Մանուկ» պոլիկնիլիկան, որտեղ հաշվառված է եղել իմ երեխան, բոլոր այն բժիշկներին, որոնց անտարբերության, ինչու ոչ, մասնագիտական տարրական գիտելիքների, հասարակ մարդկային հոգատար և սրտացավ վերեբերմունքի իսպառ բացակայության պատճառով այսօր իմ հինգ ամսական բալիկը մեզ հետ չէ: Բողոք ունեմ նաև, առողջապահության նախարարության թեժ գծի այն աշխատակիցների հանդեպ, ովքեր լսել և անպատասխան են թողել իմ բոլոր օգնության խնդրանքներով արված զանգերը, արհամարելով դրանք: Այդ թվում նաև բողոք ունեմ առողջապահության նախարարության լրատվական բաժնի ղեկավարության դեմ։ Հունիսի 9-ին առողջապահության նախարարության ֆեյսբուքյան օֆիցիալ էջում հրապարակվեց նյութ որտեղ սուտ տեղեկություններ են հրապարակած, և առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայիս մահը նշված էր որպես սրտի բնածին արատ։ Սակայն իմ բազմաթիվ զանգերից հետո նյութը հեռացվեց համացանցից»,- գրել է երեխայի հայրը։

Հունիսի 9-ին առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։

Երեխայի մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ։

Yerkir.am-ի հետ զրույցում «Մանուկ» պոլիկլինիկայի մանկաբույժ Ռուզաննա Կչոզյանը, ով նաև տվյալ երեխայի բժիշկն էր, նշեց` քանի որ այժմ դատաբժշկական հետազոտություն է իրականացվում՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար, ինքը զերծ կմնա մեկնաբանություններից:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է սպասել դատաբժշկական հետազոտության արդյունքին: «Կարող եմ ասել մեկ բան՝  չկա նման դեպքի նկարագրություն կամ ապացույց, որ պատվաստման հետևանքով կարող է սուր միոկարդիտ առաջանալ: Բժշկության մեջ չկա նման դեպք, նման փաստեր չկան»,- հավելեց նա:

Առողջապահության նախարարությունում նույնպես զերծ մնացին մեկնաբանություններից՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն: