|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանը շարունակում է առաջնագծում հետևողական լարվածություն մտցնելու իր քաղաքականությունը:
Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը ակտիվություն է դրսևորում.
«Ժամանակ առ ժամանակ դրանք լինում են զինտեխնիկայի կուտակումների, տեղաշարժերի միջոցով, նաև լինում են հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվությամբ, որոնց կազմում հատկապես ակտիվ գործում են դիպուկահար խմբերը»:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն ակտիվացել է նաև քաղաքական, քարոզչական, ռազմական առումով. «Ռազմական համագործակցության մասով դա արտահայտվում է սպառազինությունների մեծաքանակ ներկրումներով, քաղաքական- քարոզչական մասով դրանք ներքին, նաև արտաքին լսարանին ուղղված ուղերձներն են: Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հռետորաբանությունը բավականին կոշտացել է, և ավելի հաճախ են խոսում այն պայմանական իրավական հիմքերի մասին, որը նրանց թույլ է տալիս ինչ-որ պահի գնալ ռազմական գործողությունների»:
ԱՀ նախագահի խորհրդականը ևս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է պատերազմական գործողությունների և դրան լեգիտիմ հիմք ստեղծելու համար անընդհատ փորձում է ցույց տալ, որ հայկական կողմից գնդակոծում են իր խաղաղ բնակավայրերը, տուժածներ կան քաղաքացիական բնակչության շրջանում, ինչը, իհարկե, ապատեղեկատվություն է, որով ադրբեջանական կողմը փորձում է հիմք ստեղծել հետագա ռազմական գործողությունների համար: