կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 13:31
Հասարակություն

Ոստիկանությունը հորդորում է

Ոստիկանությունը հորդորում է

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:

Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն հետապնդելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես երեխաների համար: 

Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է երեխայի ձեռքերում, և անուղղելի ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, իսկ մեղքը քավելու բոլոր փորձերն` անիմաստ: 
Ողբերգության այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, և անօրինական զենք պահելու ոմանց համառությունը մեծացնում է դրանց կրկնության հավանականությունը:

Սիրելի հայրենակիցնե՛ր, ոստիկանությունը բազմիցս խնդրանքով ու հորդորով դիմել է ձեզ ու նորից է դիմում. հրաժարվե՛ք այդ մահաբեր գայթակղությունից, կամավոր իրավապահ մարմիններին հանձնեք անօրինական զենք-զինամթերքը:

Հիշե՛ք. անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից:
Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը: