Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:
Նախ՝ իրականում պատահարից տուժել է ոչ թե երկու, այլ մեկ անչափահաս, որը ներկայումս համապատասխան բուժօգնություն է ստանում: Երկրորդ՝ կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաև ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր և հակաօրինական կուտակումը: Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը:
Հետևաբար նմանատիպ մեկնաբանությունները գնահատելով որպես ստեղծված լարված իրավիճակում հասարակական կարգը պաշտպանելու իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական տրամադրությունների գեներացման դրսևորում՝ հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցած ցավալի դեպքն ապօրինի հավաքը դադարեցնելու, դրա մասնակիցների կողմից ճանապարհներին երթևեկության համար արհեստականորեն խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու, նրանց իրավունքներն ու ազատությունները խոչընդոտելու, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ հակաիրավական գործողություններից զերծ մնալու՝ ոստիկանության բազմաթիվ հորդորներն ու օրինական պահանջներն անտեսելու ուղղակի հետևանք է:
Բազմիցս նախազգուշացվել է, որ զանգվածային անկարգությունները, դրանց ընթացքում մասնակիցների կողմից հակաօրինական վարքագծի դրսևորումները կարող են առավել ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն հավաքներին անչափահասների մասնակցության, այլ նաև զանգվածային անկարգությունների տարատեսակ դրսևորումներին նրանց ուղղակի թե անուղղակի ներգրավման պայմաններում:
Հավաքների անչափահաս մասնակիցների ծնողներին հերթական անգամ հորդորում ենք առանձնակի ուշադրություն դարձնել իրենց երեխաների վարքագծին, միջոցներ ձեռնարկել հավաքների զանգվածային կուտակման վայրերում և հատկապես ճանապարհների երթևեկելի հատվածներում նրանց ներկայությունը բացառելու ուղղությամբ, հնարավորության դեպքում հեռացնելու հավաքների վայրերից:
Հակաիրավական գործողություններին, զանգվածային անկարգություններին անչափահասների մասնակցությունը խրախուսող ապօրինի հավաքների կազմակերպիչներին կոչ ենք անում առաջնորդվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչը ՀՀ ոստիկանությանը հնարավորություն կտա պաշտպանել խաղաղ և օրինական հավաքների անցկացման սկզբունքով առաջնորդվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը և խուսափել նմանատիպ անցանկալի հետևանքներից: