Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վանաձորի ՀՅԴ գրասենյակի բացումը: Գրասենյակը վերանորոգվել է Կանադայի` Դաշնակցության կառույցի ջանքերով: Գրասենյակի բացմանը մասնակցում էին մեծ թվով սփյուռքահայ դաշնակցականներ:
Կանադայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեության ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վանաձորի գրասենյակի վերանորոգումը միակ նախաձեռնությունը չէ:
«Մինչ օրս առիթ ենք ունեցել հիմնովին վերանորոգելու Ալավերդու ՀՅԴ կենտրոնը, նաև առիթ ունեցանք նորոգելու Ստեփանավանի կենտրոնի երիտասարդականի գրասենյակի բաժինը: Ստեփանավանի ՀՅԴ կենտրոնը դեռևս ամբողջությամբ չենք վերանորոգել: Հիմա Վանաձորի գրասենյակի բացումը եղավ, նախատեսվում է նաև Սպիտակի կենտրոնի բացումը: Ստեփանավանի և Սպիտակի ՀՅԴ գրասենյակներում տարվող վերանորոգման աշխատանքները դեռ ամբողդջացած չեն, պետք է ամբողջանան»,- հայտնեց նա:
Տոնապետյանի խոսքով` ՀՅԴ Երիտասարդական միությունը Լոռու մարզում ցանկանում է հավելյալ ճամբարներ և բանակումներ կազմակերպվել: «Այդտեղ ևս պետք է օգտակար լինենք, որ Վանաձորից դուրս էլ բանակումներ և ճամբարներ կազմակերպվեն, օրինակ` Ստեփանավանում, Սպիտակում»,- ասաց նա:
Իսկ թե ինչու է Կանադայի ՀՅԴ կառույցը միայն Լոռու մարզում աշխատանքներ ծավալում, Տոնապետյանը պատասխանեց, որ դա ժողովի ժամանակ է որոշվել: «Որոշվել էր, որ Սփյուռքի ՀՅԴ կառույցները պետք է «որդեգրեն» Հայաստանի մի մարզ կամ շրջան, մեզ Լոռու մարզը մեզ ընկավ»,- բացատրեց նա:
Տոնապետյանը նաև նշեց, որ երբ ՀՅԴ-ն Հայաստան վերադարձավ, առաջին գործիչներից մեկը, ով Սփյուռքից Հայաստան էր եկել, Կանադայից էր և հաստատվել էր Լոռիում: «Այսինքն` սկզբից էլ Կանադան և Լոռին միշտ հարաբերությունների մեջ են եղել»,- ասաց նա:
Տոնապետյանն ասաց, որ իրենց խնդրանքով է, որ գրասենյակի բացումը հենց այս օրն է կատարվում: «Մենք ուզեցինք, որ այդպես լինի երկու պատճառով: Սա խորհրդանշական է, պատմական օր է, ցանկացանք, որ այդ օրվա առթիվ բացումը լինի: Երկրորդ պատճառն այն էր, որ այս պատմական առիթով ավելի շատ են Կանադայից ընկերներ և ընկերուհիներ այսօր գտնվում Հայաստանում, և ցանկացանք, որ նրանք մեծ թվով ներկա լինեն»,- ասաց նա: