Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում այսօր` հուլիսի 18-ին, վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Գյուղատնտեսության նախարարության ջանքերով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նախարարը փոխքաղաքապետի հետ միասին շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել:
«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց կողմից մշակված գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այս տարի երկրորդը տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով ազգաբնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքն ավելի բարեկարգ է, և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտեր ներկայացրել. ավելի քան 120 գործող տաղավարներ կան:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն` գյուղմթերքի տոնավաճառների համար: Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված, դեռևս տարիներ առաջ թվով 34 գյուղատնտեսական փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
2015 թվականին գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6-ին Կասյան փողոցի վերին հատվածում, որտեղ օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:
Գյուղատնտեսական տոնավաճառներն անցկացվում են 2011 թվականից, և մասնակցության պայմաններն անփոփոխ են: