Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հայտնի երգիչ Ֆեդոնի մասին գիտեն բոլորը, նաև` որ նա հունական արմատներ ունի, սակայն քչերին է հայտնի նրա հայկական արմատների մասին:
Հայ մորից և հույն հորից ծնված Ֆեդոնը թուրքական Gaziantephaberler-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել իր ինքնության մասին, անդրադարձ կատարել պատմական անհերքելի փաստերին՝ հայերի և հույների դեմ ջարդերին, ինչպես նաև Թուրքիայում միշտ «այլ» որակվելու հանգամանքին:
«72 տարեկան եմ, երջանիկ եմ, սակայն՝ զգուշավոր: Առողջ եմ, բայց և այնպես գիտակցում եմ՝ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել»,- ասում է երգիչը՝ այնուամենայնիվ, հավելելով. «Ես մահից չեմ վախենում»:
«Գիտեմ՝ շատը գնաց, քիչը մնաց, բայց ցանկանում եմ, որ մահս էլ տարբերվող լինի: Ես արագության մոլագար եմ` կա´մ թող նավս շուռ գա, կա´մ էլ մոտոցիկլետով փռվեմ ասֆալտին, մահանամ: Որոշել եմ գերեզմանիս տեղը: Պահանջել եմ, որ երեխաներս ինձ համար յուրահատուկ մահազդ պատվիրեն, մի քանի տողով չսղղացնեն, գնա»,- ասում է Ֆեդոնը:
Երգիչը պատմում է, որ կյանքի ընթացքում շատ գումարներ է վաստակել, բայց եղել են օրեր, երբ դպրոցի վարձն անգամ չի կարողացել վճարել:
«Ես ինչ-որ բան ցանկանալիս միշտ ճանաչել եմ իմ սահմանները: Միշտ ցանկանում էի ծովի կողքին տուն ունենալ, ունեցա, մոտոցիկլետեր ունեմ, նավ ունեմ, էլ ի՞նչ պետք է ցանկանամ»,- ասում է նա:
Պանդոկային երաժշտության մասին խոսելիս առաջինը հիշվում է Ֆեդոնի անունը: Իսկ թե ինչպե՞ս է սկսել նա իր երգարվեստը, պատմում է այսպես. «Ես իրականում դերձակ եմ, աշխատում էի հորս հետ: Հետո ընդլայնեցինք մեր գործերը, սակայն գումարներ վաստակելուն պես, ինչպես շատերն են անում, սկսեցինք ցիրուցան վատնել: Գիշերային կյանք, կանայք… Երգարվեստս սկսեցի մի օր, երբ ընկերներիցս մեկն ստիպեց ինձ բեմ բարձրանալ: Բարձրացա ու արդեն 35 տարի է, ինչ բեմում եմ»:
Կային ժամանակներ, երբ Թուրքայում արգելված էր անգամ քրդերենը: Որքան երգիչներ են հալածանքների ենթարկվել քրդերեն բառեր կիրառելու կամ քրդերենով երգեր կատարելու պատճառով, իսկ Ֆեդոնը եղել է միակը, ով դեռևս այդ ժամանակներից երգել է հունարեն, այն էլ՝ Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքով:
«Ես TRT-ում միակ երգիչն էի, ով հունարեն էր երգում: Այդ ժամանակ անգամ արաբեսկն էր արգելված: Հայտնի թուրք երգիչ Օրհան Գենջեբայը մի անգամ դժգոհել էր՝ Ֆեդոնն անգամ ելույթ է ունենում, մենք՝ ոչ: Կա մի իրականություն, որն ինձ իսկապես նեղացնում է և երբեք չի փոխվում՝ ես միշտ «այլ» եմ: Սա դառը ճշմարտություն է: Մինչդեռ ես զոհվածի թոռ եմ, 7 չէ, 77 պորտ պոլսեցի եմ: Տեսել եմ գրառումներ, որոնք փակցվում էին մեր դռներին՝ «Հիմարնե´ր, լքե´ք մեր երկիրը»: Ծեծի և կողոպուտի եմ ենթարկվել, մահվան սպառնալիքներ են հնչեցվել իմ հասցեին, թե ՝«գյավուրի սե´րմ, լքի´ր մեր երկիրը»,- հիշում է երգիչը:
Նա պատմում է, որ զուտ ապահովության համար շրջում է՝ գոտուն զենք ամրացրած:
«Բա ինձ սազո՞ւմ է դա: Ես խաղաղության մարդ եմ: Հարկերս մուծում եմ, մեծ հայրս էլ այս հողերում է զոհվել, ինքս ծառայության եմ մեկնել կամավոր՝ ի տարբերություն ծառայությունից խուսափողների: Ինձ գյավուր չեք կարող ասել, չպետք է ասեք»,-ըմբոստանում է Ֆեդոնը:
Երազանքներին անդրադարձ կատարելիս նա պատմում է, թե ինչպես «այլ» պիտակի պատճառով զրկվել է ծովային սպա դառնալու հնարավորությունից:
«Ինձ չթողեցին սպա դառնալ: Չկա նման օրենք, սակայն հույներին, ոչ մուսուլմաններին չեն թողնում աշխատել հանրային ծառայություններում: Չենք կարողանում սպա, անգամ՝ հավաքարար դառնալ»,- ասում է երգիչը՝ հիշելով այն ժամանակները, երբ Պոլսում հույներն էին. «Ամբողջ Պոլսում ընդհանուր 1000 հույն է մնացել: Սրանք սրտիս դարդ են դարձել: Ես ապրեցի 1955 թվականը (հույների ջարդը), ի՞նչ էր մեղքս: Հարձակվեցին տների վրա, աղջիկներին բռնաբարեցին, թալանեցին…»:
Հարցին, թե երբևէ մտածե՞լ է անունն ու կրոնը փոխելու մասին, պատասխանում է. «Հանդիպածս դժվարությունների ժամանակ ոչ մի դեպքում չեմ մտածել այդ մասին: Ինձ անգամ զայրացրել են նման քայլի դիմողները: Օրինակ` գիտե՞ք, որ Թուրգութ Օզաթայը (թուրքական հին ֆիլմերի հայտնի դերասան) հայ է: Քենան Փարսը (Գրիգոր Ջեզվեջիյան), Սամի Հազինսեսը (Սամվել Հակոբ Ուլուչյան)… Նրանք ստիպված փոխել են իրենց անունները՝ ճնշումների պատճառով: Ես Ֆեդոն Քալյոնջուն եմ, եկա այսպես, գնալու եմ այսպես: Ասեմ՝ երբեք մի բուռ մարդկանց բռնարարքների մեղքը չեմ վերագրել այս երկրին»:
Հայկական և հունական ծագումով երգիչը Թուրքիայում երկար տարիներ ապրելու պատճառով իրեն նաև թուրք է համարում՝ չմոռանալով Հայոց ցեղասպանությունը: «Դժբախտաբար, բոլորս էլ գիտենք՝ 1915-ին հայերի հետ ինչ է կատարվել, ինչպես է արյան հեղեղ դարձել: Դա տեղի է ունեցել, թող ոչ ոք չհերքի»,- ասում է Ֆեդոնը:
Իսկ թե ինչպե՞ս են նրան Հունաստանում ընդունում, նրա խոսքով` պատկերը տարբեր չէ:
«Այնտեղ էլ դառնում եմ «թուրքի սերմ»: Ուր էլ գնամ՝ «այլ» եմ: Սակայն ես նրանց էլ եմ հասկանում: Ապրում են այստեղի (Կ.Պոլսի) կարոտով: Պատկերացրեք, նրանց պարտադրվեց 24 ժամվա ընթացքում լքել երկիրը՝ 20 դոլարով և 20 կիլոյանոց իրերով: Բոլորը կղզիների տեր էին, թալանվեցին…»,- հույների ջարդերի մասին հիշում է երգիչը:
Ֆեդոնը ոչ պակաս աչքի է ընկնում նաև իր արտաքինով: Նրա մարմինը պատված է դաջվածքներով, իսկ մի ականջին կրում է խաչ, մյուսին՝ լուսին-աստղ: Այդ ընտրությունը նա բացատրում է այսպես. «Ես ինքնությունս ինձ վրա եմ կրում: Իմ մեջն ու դուրսը նույնն են: Կրում եմ երեխաներիս դիմանկարը, մեջքիս էլ մի կնոջ դիմապատկերն է, ում շատ էի սիրահարված: Բաժանվելուց հետո պարտավորվեցի փոխել դաջվածքը»: