Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Birgün-ի սյունակագիր Մուսթաֆա Ք. Էրդեմոլը նախորդ ամիս դիպուկ հոդված է հրապարակել ազգայնամոլ և իսլամիստ թուրքերի մասին, որոնք սեփական երկիրն ու իրենց թվացյալ արժեքները գովաբանելու համար իրականում «օգտվում են» այլ ազգերի, հիմնականում՝ հայերին պատկանող արժեքներից: Հոդվածում ուշագրավ անդրադարձ է արվում նաև հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
«Չգիտեմ՝ այլ երկրներում ինչպես է, բայց Թուրքիայում ազգայնական լինելը պետք է որ դժվար լինի: Քանի որ մերոնք իրենց պատկանող և յուրահատուկ համարվող ո'չ մշակույթ ունեն, ո'չ էլ «միտք»: Խորհրդային միության ժամանակներում, երբ երազում էին Թուրքական միություն՝ «Թուրան» ստեղծելու մասին, անգամ դա հունգարացիների գաղափարն էր:
Քննարկումներ են շրջանառվում նաև այն մասին, որ իսկապես շատ վատ ձայն ունեցող «աստղ» Մուսթաֆա Յըդըզդողանի կողմից օրեր առաջ կատարված, առաջին անգամ 1993 թվականին թողարկված «Մեռնեմ հանուն քեզ, Թուրքիաս» երգն իրականում քրդական է: Դու մի ասա՝ երգը հեղինակել է քրդական «Քոմա Քամիշլո» խումբը և կատարել 1986 թվականին: Ակնհայտ է՝ Յըլդըզդողանը երգը «թխել է» նրանցից:
Կան նմանատիպ օրինակներ, և սա անում են ոչ միայն ազգայնամոլները: Կան նման իսլամիստներ, որոնց երբեմն հանդիպում ենք: Իհարկե, նրանք այս ամենն անելիս շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում: Որոշ ժամանակ համացանցում մեծ տարածում գտավ հայտնի հեղափոխական «Չաո բելլա» երգը, որն «իսլամացվել» էր, այն երգը, որ պատվիրել էին Ուղուր Ըշըք անունով երգչին՝ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության ցմահ նախագահ Էրդողանի քարոզչության համար: Բացահայտվել էր՝ այդ երգն էլ պատկանում է «Դոմբրա» անունով ղազախ երաժշտի:
Բայց ազգայնամոլների դեպքում ավելի սարսափելի է: Հակասական մոտեցում է, երբ գողանում են արժեքներ այն ազգերից, որոնցից վեր են համարում իրենց: Բա, մարդն այդքան կհակասի՞ իր կարծիքին: «Երբ ալեկոծվում էր Սև ծովը» հայտնի երգը, ով ինչ ուզում է՝ ասի, իսկապես շատ հաճելի է, այնպիսին է, որ աշխարհին դուր կգա: Երգի բառերը ինձ երբեք էլ չեն հետաքրքրել, բայց ամեն անգամ հաճույքով եմ լսել երաժշտությունը: Թուրք ազգայնամոլների այս քայլերգի երաժշտությունը մի հայի՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին է պատկանում: Որոշ աղբյուրների համաձայն էլ՝ այն պատկանում է 18-րդ դարի մեկ այլ հայտնի հայ բանաստեղծի՝ Սայաթ-Նովային: Բայց ամեն դեպքում ազգայնամոլների սրտից ու մտքից դուրս եկած գեղեցկություն չէ այն: Գուցե էթիկական խնդիր չի ծագի, եթե երգն ու երաժշտությունն օգտագործողները նշեն՝ որտեղից են այն վերցրել: Պետք է մտածել` հեղինակները կուզեի՞ն, որ դրանք օգտագործվեին ռասիստական, խտրականության նպատակով, բայց առնվազն պետք է նշվի՝ այն ում, որ ժողովրդին է պատկանում՝ հարգելով այն մշակույթը, որտեղից ծնվել է ստեղծագործությունը: Սա գողություն է, առգրավում, ուրիշ ոչինչ:
«Մշակույթների ազդեցություն» ասելով՝ իրավիճակից դուրս գալու փորձերն էլ չեն փրկի նմանատիպ իրավիճակներում: Հնարավոր է նաև հակառակը` թուրքերին պատկանող շատ մեղեդիներ էլ գուցե օգտագործվում են այլ հասարակությունների կողմից՝ որպես սեփականություն, ո՞վ գիտի: Խնդիրը սա է՝ թշնամի համարածդ ազգերի վրա հարձակվում ես նրանց սեփական մշակույթով: Հայից գողացված երգերով ազգայնամոլություն ենք «խաղում», դարձյալ հայից գողացված հալվայով հոգեհանգստի հյուր ենք ընդունում (մուսուլմաններն իրականում չունեն նման սովորույթ):
Հետո էլ ի՞նչ՝ «Մեռնեմ հանուն քեզ, Թուրքիաս»: Չէ մի չէ, արա'»,- գրել է Էրդեմոլը:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի