կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 12:47
Քաղաքական

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե իրենց ձայնը լսելի չլինի իշխանության համար. Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե իրենց ձայնը լսելի չլինի իշխանության համար. Վահե Էնֆիաջյան

Կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումն այս օրերին չի փոխվել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա հայտնեց, որ իրենք շարունակում են պնդել, որ անհրաժեշտություն կա կոնկրոտ մատնանշելու ծրագրերի իրականացման այբուբենն ու ժամանակացույցը։

Թե ինչպե՞ս կքվեարկի խմբակցությունը կառավարության ծրագրին, դեռևս հստակ չէ: Էնֆիաջյանը հայտնեց, որ խմբակցությունում կքննարկեն  ու կներկայացնեն իրենց դիրքորոշումը։

«Եթե մեր մոտեցումներն ընդունելի չլինեն, բնականաբար, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի: Սպասում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ծրագրի հետ կապված ամփոփիչ ելույթին, որից հետո պարզ կդառնա` ծրագրի մեջ ավելացնո՞ւմ են մեր կողմից մատնանշված 9-րդ գլուխը, որը կներառի մեր առաջարկները»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ կառավարությունն է ծրագրի քաղաքական պատասխանատուն, հետևաբար` չի կարող խորհրդարանի պահանջով փոխել, Վահե Էնֆիաջյանն արձագանքեց․ «Բնական է, որ կառավարություն է պատասխանատվություն կրում ծրագրի հետագա իրագործման համար, բայց նույն ձևով բնական է, որ քաղաքական օպոնենտները բացերն են արձանագրում, իրենց տեսլականն են առաջարկում, և այս ամբողջ գործընթացը ժողովրդի աչքի առաջ է: Մենք ցանկանում ենք, որ կառավարության այս ծրագիրը կյանքի կոչվի, իրականություն դառնա նաև տնտեսական հեղափոխությունը։ Տնտեսական հեղափոխություն ասվածը նախադրյալներ պետք է պարունակի։ Նախադրյալներն այսօրվա ծրագրի մեջ մենք չենք կարողանում արձանագրել, որովհետև, մեր կարծիքով, չկան: ԲՀԿ-ն կառավարության ծրագրի հետ կապված իր առաջարկները երեկ գրավոր ներկայացրել է, իսկ այսօր սպասում ենք առաջարկների հետ կապված պաշտոնական պատասխանի։ Տնտեսական հեղափոխության բանաձևը պետք է լինի շոշափելի, փոխարենը մենք տեսնում են վերացական արտահայտություններ, օրինակ՝ պետք է իրականացնել, ցանկալի է իրականացնել, երջանկության զգացողություն և այլն»: