կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 17:10
Մշակույթ

Հերթական շախը` Թուրքիային. Կիսինը Երևանում Ցեղասպանությանը նվիրված համերգով հանդես կգա

Հերթական շախը` Թուրքիային. Կիսինը Երևանում Ցեղասպանությանը նվիրված համերգով հանդես կգա

Ապրիլի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում համերգով հանդես կգա անվանի ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը: Համերգը տեղի կունանա «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

 

Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգին կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի N 21 սոնատը, Պրոկոֆևի N 4 սոնատը. Շոպենի նոկտյուրնները և մազուրկաները, Լիստի «Ռակոցի մարշը»: Ի դեպ, փառատոնի շրջանակում նախատեսված բոլոր համերգներն այս տարի նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

Հովհաննիսյանը նշեց, որ Կիսինը` որպես երաժիշտ, մեր օրերի մի քանի ականավոր դաշնակահարներից մեկն է: «Իր հռչակին և աստղային ձիրքին համահունչ էլ մարդկային հատկություններն են: Նա իրեն համարում է Հայաստանի և փառատոնի ամենամտերիմ ընկերներից մեկը: Ցեղասպանության հետ կապված էլ` նա միշտ արդարության կողմնակիցն է և երբեք չի հանդուրժում որևէ հարցի թե՛ պատմական իրողությունը կեղծելը, թե՛ անարդարությունը: Նա պարզապես արդարության մարտիկ է: Բազմիցս հայտարարել է, որ սարսափելի ամոթ է, որ Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, և միջազգային ատյաններում է ելույթներ ունեցել, հոդվածներ գրել»,- ասաց  Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` իրենք երաժիշտների հետ շփումներում շատ զուսպ են և երբեք չեն փորձում համերգները կամ մարդկային շփումներն օգտագործել ինչ-որ հարցերի հանրահռչակման համար: Խոսելով Կիսինի հետ ծանոթանալու մասին` Հովհաննիսյանը նշեց, որ 2012-ից իրենք անընդմեջ գրում էին նրա համերգների կազմակերպիչներին` խնդրելով, որ Հայաստանում համերգ կազմակերպվի, սակայն որևէ պատասխան չէին ստանում: 2008-ին Կիսինն անձամբ է պատասխանել Հովհաննիսյանի նամակին: «Ես Անգլիայում էի և, երբ բացեցի իմ նամակները, տեսա, որ Կիսինն անձամբ է գրել, որքան էլ անհավատալի է: Նա գրել էր, որ իրեն փոխանցել են հրավերները, և այսպես էր որակել, որ արդեն տարիներ ի վեր հետևում է փառատոնի միջազգային համբավին և հասկացել է, որ լուրջ փառատոնի մասին է խոսքը, և տրամադրվել է գալ Հայաստան: Գիտե՞ք, նման մասշտաբի արտիստները սովորաբար նայում են, թե ինչ կարգի փառատոն է, ովքեր են իրենցից առաջ ելույթ ունեցել: Այդպես էլ սկսվեց մեր համագործակցությունը»,- պատմեց նա:

 

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ Կիսինի այցի ժամանակ էլ տեղի կունենա Բյուրականի արվեստների ակադեմիայի բացումը, տեղում փոքրիկ համերգ կլինի:

 

Հիշեցնենք միայն, որ երբ 2012-ին Կիսինը համերգով Հայաստանում էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թեեւ Թուրքիայից համերգների հրավերներ է ստանում, սակայն չի պատրաստվում այցելել այնտեղ, քանի դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը:

 

Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971-ին Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից` շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Նրա առաջին մենահամերգը կայացել է 11 տարեկանում: 17 տարեկանում նա նվագել է աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների, այդ թվում` երկու «Գրեմմիի»:

 

Նշենք նաև, որ 1988-ի երկրաշարժից հետո Կիսինը մի շարք բարեգործություններ է կատարել Սպիտակի համար, որի համար էլ դարձել է Սպիտակի պատվավոր քաղաքացի: