կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-07 13:00
Քաղաքական

Ընտանեկան բռնության օրենքը ծայրահեղության հասած մարդկանց համար է. Լուիզա Սարգսյան

Ընտանեկան բռնության օրենքը ծայրահեղության հասած մարդկանց համար է. Լուիզա Սարգսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ևս անդրադարձավ հարցին, թե որն է ավանդական ընտանիքը:

««Ավանդական ընտանիք» ձևակերպումը ոչ մի մի գրքում չկա: Ամեն ընտանիք ունի իր արժեքները, ավանդույթները, երջանկության, նաև դժբախտության բանաձևերը»,- ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ այս օրենքը չի պատրաստվում մտնել ընտանիք:

«Վիճակագրությունը հաստատեց մի բան, որ այսօր Հայաստանում ունենք շատ վատ դեպքեր, դժբախտ պատահարներ, երեխաների խեղված ճակատագրեր ընտանիքներում: Գուցե եթե ոստիկանությունը, քրեական օրենսգիրքը, ՄԻՊ ինստիտուտը գործեին այնպես, որ նրանց գործիքակազմը բավարար լինեին այդ խնդիրները լուծելու համար, այս օրենքի կարիքը չէր լինի, բայց փաստն այն է, որ այդ գործիքակազմը չկա: Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ բազմիցս եղել են դեպքեր, երբ կանայք, երեխաները բռնության հետևանքով հայտնվել են փողոցում, և իրենք  չեն կարողացել այդ հարցն ինչ-որ ձևով կարգավորել»,- ասաց պատգամավորը:

Սարգսյանի կարծիքով` այս օրենքը ծայրահեղության հասած մարդկանց համար է: «Օրենքը ծայրահեղ իրավիճակում գտնվող մարդկանց համար է: Ես հույս ունեմ, որ Հայաստանում այս երևույթը չի ավելանա, քանի որ մեր ժողովրդին դա հարիր չէ: Չեմ գտնում, որ սա համերաշխ ընտանիքում պետք է նորմեր սահմանի, համերաշխության չափաբաժին հաստատի, չկա նման բան»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց` գուցե կան խնդիրներ, որոնք մարդիկ գաղտնի են պահում, իրենք են լուծում կամ հասարակությունից են ամաչում, բայց կան դեպքեր, երբ ուզում են բարձրաձայնել և չգիտեն` ումից օգնություն խնդրել: Սարգսյանի կարծիքով` օրենքի ընդունումից հետո, եթե մարդիկ իրենց պաշտպանված զգան, կդիմեն համապատասխան մարմիններին, և օրենքը կգործի: