կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-30 13:54
Հասարակություն

Իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս. քաղաքագետը` ռուսական հակահայ հաղորդումների մասին

Իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս. քաղաքագետը` ռուսական հակահայ հաղորդումների մասին

Ռուսաստանի պաշտոնյաներն ամեն կերպ մեզ փորձում են համոզել, որ պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչող տարբեր փորձագետների, լրագրողների, շոումենների հայտարարությունների, լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով ռուսական հեռուստալիքների հակահայկական հաղորդումներին:

Ըստ նրա` հնչեցվող այդ գնահատականներում քաղաքականության հետ առնչվող որևէ բան չկա: ««Ման եկող» կին են ասում, իսկ դա մեկ բան է նշանակում` իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս այն քաղաքականությանը, որը կարող է լուրջ դիվիդենդներ բերել նույն Ռուսաստանին, որովհետև «և,և»-ի քաղաքականությունը նշանակում է ոչ թե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցություն ունենալ, այլ նշանակում է նոր հարթակ 2 այս կառույցների համար, որտեղ կարելի է  համագործակցել, քաղաքական երկխոսություն սկսել, տեսական հարաբերություններ կառուցել»,- ասաց քաղաքագետը:  

Նրա կարծիքով` Ռուսաստանի իշխանությունները շատ ավելի պրագմատիկ են իրենց մոտեցումներում և գնահատականներում, քան այդ լրատվական շոուները: «Այստեղ քննարկելու և մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում: Շոու են ստեղծում, փորձում են ռեյտինգ հավաքել»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:   

Դիտարկմանը` ամենահեղինակավոր հեռուստալիքներով են հնչում այդ հայտարարությունները, որոնք իշխանության վերահսկողության տակ են, նա պատասխանեց. «Գիտեմ` ինչպես են ստեղծվում լրատվական հոսքերը: Ոչ միայն Ռուսաստանում է այդպես, այլ շատ երկրներում: Մեդիայի մարդիկ են, ընդամենը անում են հաղորդում, ինչի հետևից գալիս են քաղաքական գործիչներ և փորձում հարթել սուր անկյունները` ասելով` ուշադրություն մի' դարձրեք»:

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշեց, որ Ռուսաստանը հակասությունների երկիր է, և անգամ այդ հաղորդումներում կարելի է շատ վարկաբեկող բաներ տեսնել հենց Ռուսաստանի հասցեին, քան այլ երկրների: