կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 15:33
Հասարակություն

Էն, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, դա է՞լ է քաղհասարակություն. Հայկ Բաբուխանյան

Էն, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, դա է՞լ է քաղհասարակություն. Հայկ Բաբուխանյան

ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց. «Օրենքում քննարկվում են հասկացություններ, օրինակ` «քաղաքացիական հասարակություն» տերմինը: Սահմանվա՞ծ է մեր օրենսդրության մեջ, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը: Իսկ եթե չկա, ինչո՞ւ է դրվում այս տերմինն օրենքի նախագծի մեջ»:

Պատգամավորն ասաց, թե օրենքով մեծ դերակատարում է տրվում նաև հասարակական կազմակերպություններին, և ինչպե՞ս են պատկերացնում, որ մի ՀԿ մտնի ընտանիք ու պետական վերահսկողությունները վերցնի իր վրա:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ «քաղաքացիական հասարակություն» եզրույթը կիրառվում է օրենքի այն բաժնում, որը վերաբերում է հիմնական դրույթներին, դա լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ բոլորը հստակ գիտակցում են, թե ինչի մասին է խոսքը: «Օրենքի ոչ մի դրույթ հնարավորություն չի ստեղծում որևէ ՀԿ-ի ներխուժելու որևէ ընտանիք»,- հավելեց նա:

Պատգամավորը շարունակեց. «Քաղաքացիական հասարակություն, որ ասում եք, յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է՝ ինչ է դա, որևէ սահմանում չկա: Բայց, օրինակ, ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունը, էն որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է քաղաքացիական հասարակություն՝ ոմանց կարծիքով: Եթե դրանց էլ պիտի խառնենք մեր ընտանիքի գործերին, ես դա չեմ ընդունում»:

Փոխնախարարն արձագանքեց, որ քաղաքացիական հասարակությունը հասարակական կազմակերպություններն են, դրանք բազմազան են, նաև այնպիսին, որոնք սուր անհամաձայնություն էին հայտնում օրենքի տարբեր կետերի, և ոչինչ չի խանգարում մասնակցել մեխանիզմներին, որոնք նախատեսված են այս օրենքով:

Հայկ Բաբուխանյանի խոսքերը դուր չեկան «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին: «Պարո՛ն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ, թերևս սա Ձեր վերաբերմունքն է կանանց ու ընտանեկան բռնության նկատմամբ: Խնդրում եմ ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»,- ասաց նա, նաև վրդովմունք հայտնեց, որ այս օրենքի նախագիծը քննարկվում է մեկժամյա ռեժիմով: