Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
17 տարի առաջ՝ 2002 թ. նոյեմբերի 3-ին, Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ ընդամենը 14 ամիս առաջ ստեղծված, չափավոր իսլամական արժեքներ կրող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գաղափարական ընկերների՝ Աբդուլլահ Գյուլի, Բյուլենթ Արընչի, Աբդուլլաթիֆ Շեների, Ահմեթ Դավութօղլուի և այլոց գլխավորությամբ: Բացի ներքաղաքական բարեփոխումներից, փոփոխություն նկատվեց նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վեկտորում:
1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի համար վերացավ «խորհրդային վտանգը» (ինչի պատճառով էլ Թուրքիան 1952 թ. դարձել էր ՆԱՏՕ անդամ): Նման պայմաններում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է թևակոխեին նոր փուլ: Էրդողանի՝ իշխանության գալուց հետո Թուրքիան սկսեց արաբական աշխարհի հետ լավ հարաբերություններ հաստատել՝ արաբական աշխարհի «մեծ եղբայրը» դառնալու փափագով, որի համար գլխավոր խոչընդոտը թուրք-իսրայելական հարաբերություններն էին: Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ, որում հսկայական էր Ահմեթ Դավութօղլուի դերը, սկսեցին նկատվել այնպիսի մոտեցումներ, որոնք հետապնդում էին Արևմուտքի ազդեցության նվազում:
17 տարվա հետևողական և գրագետ քաղաքականության շնորհիվ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող Էրդողանին հաջողվեց ամրապնդել երկրի դիրքերը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ ռազմական առումով: Թուրքիայի ինքնուրույն գործողություններն ամեն անգամ ուղեկցվում էին Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքներով, նոտաներով՝ պատժամիջոցների կիրառում (տնտեսական, ռազմական և այլն), քրդական հարցի շահարկում, Հայոց ցեղասպանության ճանաչման սպառնալիք և այլն: Եթե Թուրքիային կարող էին սպառնալ ՆԱՏՕ-ից հեռացմամբ, ապա այժմ նման մոտեցումը գուցե արդեն այդքան էլ սարսափելի չէ նրա համար, քանի որ նման հեռանկարի դեպքում Թուրքիան, անշուշտ, կվազի Մոսկվայի գիրկը, իսկ այդ երկրների ջերմ հարաբերությունները վերջին շրջանում (մասնավորապես՝ Թուրքիայի Սիրիա ներխուժման ընթացքում) ակներև են:
Հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությամբ Թուրքիան կարծես երկար ժամանակով քրդական հարցը ետին պլան մղեց: Տնտեսական պատժամիջոցները թեև լուրջ ազդեցություն են ունենում Թուրքիայի վրա, այնուհանդերձ, տնտեսապես հզոր Թուրքիան ի զորու է սեփական ուժերով ոտքի կանգնել, եթե հաշվի առնենք նաև այն, որ բազմաթիվ երկրների համար, այդ թվում ՝եվրոպական, Թուրքիան գլխավոր տնտեսական գործընկերներից մեկն է, և Թուրքիայի թուլացումը կանդրադառնա նաև նրանց վրա:
Հայոց ցեղասպանության թեման ներկայումս չունի որևէ էական ազդեցություն Թուրքիայի վրա, սակայն այս թեման շարունակում է բավական զգայուն և ազդեցիկ թեմա մնալ թուրք ազգաբնակչության համար:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, անշուշտ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը ինքնաբերաբեր կազդի Թուրքիայի վրա. «Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն ինքնամխիթարող էր, ասվում է, որ բանաձևը չունի իրավական ուժ, ընդամենը ամերիկահայությանը սիրաշահելու համար է: Եթե 435-ից 405-ը կողմ է քվեարկել ամերիկահայությանը սիրաշահելու համար, բրավո ամերիկահայությանը: Սպիտակ տունը չի կարող հանկարծ մի առաջարկ բերել Կոնգրեսի հաստատման համար, թե՝ մենք (խմբ. Սպիտակ տունը) պետք է Թուրքիայի օժանդակությունն ավելացնենք, ասենք, 5 միլիարդով, քանզի նմանատիպ ընդդիմության պարագայում՝ և՛ դեմոկրատներից, և՛ հանրապետականներից, այդպիսի առաջարկներն արդեն կարող են չանցնել: Սա կնպաստի մթնոլորտին, որ գործադիրն էլ ճիշտ որոշում կայացնի, ի վերջո»:
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 96-րդ տարեդարձն էր, և սա ԱՄՆ Կոնգրեսից ամենալավ «նվերն» էր Թուրքիային: Ձայների՝ 405 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը, ըստ Կիրո Մանոյանի, ամերիկահայ համայնքի՝ Հայ դատի հանձնախմբի առաջնորդությամբ, քաղաքական ուժի ցուցադրություն է: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ կարող ենք ասել՝ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ընդամենը Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում և Արգենտինայում օրենքի ուժով է Հայոց ցեղասպանությունը ճանաչվել, մնացած բոլորը բանաձևեր են. Կանադայի պարագայում երկու պալատներն էլ բանաձև ունեն, գործադիրն էլ ասել է, որ՝ եթե երկու պալատն էլ կողմ է, ես էլ եմ կողմ: Ինչո՞ւ չենք ասում, որ Ամերիկան ճանաչել է, եթե Բելգիայի Սենատի բանաձևը բավարար է, որ ասենք՝ Բելգիան ճանաչել է, այն դեպքում, որ Բելգիայի վարչապետն ամեն օր ցեղասպանություն բառն է օգտագործում, եթե Ռուսաստանի Դումայի մեկ անգամվա բանաձևը բավարար է, որ ասենք՝ Ռուսաստանը ճանաչել է։ Պիտի ասվի արդեն, որ Ամերիկան ճանաչել է, որովհետև հենց այդ բանաձևը դա է ասում»:
Անշուշտ, սա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի երկարատև և տաժանակիր աշխատանքի արգասիքն է, սակայն միամտություն է կարծել, թե ամերիկացի կոնգրեսականների մեջ արթնացել է «մարդասերի» բնազդը: Սիրիայում պարտված ԱՄՆ-ը չէր կարող պարտվածի պիտակը կրել և փորձում է իր հսկայական ռեսուրսներով հասկացնել՝ ով է դրության տերը (բացի Հայոց ցեղասպանության բանաձևից ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ): Հայոց ցեղասպանության թեման ԱՄՆ-ի վերջին խաղաթղթերից մեկն էր Թուրքիայի դեմ, ու թեև ԱՄՆ վարչակազմը դեռևս չի խոսում Ցեղասպանության մասին, ակնհայտ է, որ հետայսու Թուրքիան իր գործողություններում ավելի քիչ կկաշկանդվի, քանի որ մեր հարևան պետությունն աստիճանաբար ազատվում է ամերիկյան լծից:
Արգամ Եղիազարյան