կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 16:36
Տարածաշրջան

Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա

Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա

Թուրքիայում դատապարտված անչափահասները քրեակատարողական հիմնարկներում բռնությունների են ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը:

Ըստ Ermenihaber-ի՝ անչափահասների նկատմամբ կիրառվող անօրինական միջոցներից են մերկ խուզարկությունները, անհարկի տեղափոխությունները, կտտանքները,  մենախցում փակելը, անչափահասների միջև կոնֆլիկտները: Անչափահասներին հաճախ արգելում են հանդիպել իրենց փաստաբանների հետ, բազմաթիվ դեպքերում բռնության ենթարկվածները չեն համարձակվում բողոք ներկայացնել՝ վախենալով հետագա ճնշումներից: Իսկ ներկայացված բողոքների հիման վրա հարուցված քննությունները, որպես կանոն, ավարտվում են առանց մեղավորներին պատժելու:

2017թ. ապրիլի 7-ի դրությամբ Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա: Սա վերջին 7 տարիների ընթացքում երկրում գրանցված ամենամեծ թիվն է:

Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների ուսումնասիրությամբ զբաղվող ՀԿ-ի (CİSST) կազմած 109 էջանոց զեկույցի համաձայն՝ 2015թ. նոյեմբերից մինչև  2017թ. հունիս ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է անչափահասների ներկայացրած 133 հայց: Ամենից շատ բողոքները ստացվում են Սինջանի անչափահասների բանտից: Ընդհանուր առմամբ, նմանատիպ բողոքներ են ստացվել երկրում գտնվող 15 քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ: Ստացված 203 հայտերից 111-ը վերաբերում են անչափահաս բանտարկյալների նկատմամբ կտտանքներին և վատ վերաբերմունքին:

2009թ. մինչև 2017թ. մարտ ընկած ժամանակահատվածում Թուրքիայի բանտերում մահացել է 18 անչափահաս, ընդ որում` վերջին 2 տարում մահացել է 6 անչափահաս բանտարկյալ: Դեպքերից 9-ը որակվել են որպես ինքնասպանություն: