կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 11:53
Տարածաշրջան

Իրագործվում է «Թուրքիան առանց Էրդողանի» ծրագիրը

Իրագործվում է «Թուրքիան առանց Էրդողանի» ծրագիրը

Թուրքական Star թերթի վերլուծաբան Հուսեյն Գյուլերջեն «Թուրքիան առանց Էրդողանի» վերնագրով հոդվածում տեսակետ է հայտնում, որ Էրդողանին հեռացնելու պլան է գործարկվել` ավելացնելով, որ այդ նպատակով Թուրքիայի վրա 4 ուղղությամբ գրոհ է սկսվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հոդվածի սկզբում իշխանամետ սյունակագիրը հիշեցնում է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչի և Էրիկ Էդելմանի` Էրդողանին ուղղված` հրաժարական տալու կոչերը: Հեղինակը հիշեցրել է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) ու Քուրդիստանի համայնքների միության (KCK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հայտարարությունը. նա ասել էր, թե ցանկանում են Էրդողանին և նրա կուսակցությանը զրկել իշխանությունից:

Գյուլերջեն այնուհետև մատնանշել է այն 4 ուղղությունները, որոնցով Թուրքիան հարձակումների է ենթարկվում: Ըստ նրա՝ առաջին ուղղությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հարձակումներն են: Գյուլերջեն հիշեցրել է, որ մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը, որն անմիջականորեն կապվում է ՔԲԿ-ի հետ:

Որպես երկրորդ ուղղություն` մատնանշվում է Էրդողանի քաղաքական հակառակորդ ու անձնական թշնամի համարվող` իսլամի ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա «զուգահեռ կառույցը» (Գյուլենական շարժում):

Երրորդ ուղղությունը, ըստ Գյուլերջեի, սոցմեդիայի միջոցով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) թուլացնելն է: Այստեղ էլ նա մատնանշել է, թուրքական առաջատար «Doğan» մեդիա հոլդինգը:

Որպես չորրորդ ուղղություն` նշվում են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, Իրանը, Իսրայելը ու Սիրիան: Հոդվածագրի կարծիքով` այդ երկրները ցանկանում են ցնցումերի ենթարկել Թուրքիան: Նա մեջբերել է Էրդողանի հետևյալ խոսքերը. «Ահաբեկչական կազմակերպությունների ձեռքին առկա զենքերի հետևում Արևմուտքն է երևում»:

Վերջում Գյուլերջեն համոզմունք է հայտնում, որ այդ պլանն իր նպատակին չի հասնելու, և չի հաջողվելու տապալել Էրդողանի նախագահությունը, քանի որ ժողովուրդը «տեր կկանգնի» Էրդողանին: