կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 14:32
Քաղաքական

Այս պահին ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին կարող ենք միայն տուգանել. նախարար

Այս պահին ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին կարող ենք միայն տուգանել. նախարար

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր նախարարության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների վերահսկողությանը:

Նա տեղեկացրեց, որ վերահսկողությունը կա, կատարվում է` սկսած տոմսարկղներից, վերջացրած սահմանային անցակետերով: «Տրանսպորտային տեսչությունը ժամանակ առ աժամանակ հերթապահություններ է իրականացնում սահմանին, այցեր են անում տոմսարկղներում` ինչ տոմսեր են վաճառվում, և կազմակերպությունների միջոցով»,- ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների նկատմամբ, բացի տուգանելուց, ուրիշ պատժամիջոցներ այս պահին չեն կարող իրականացնել:

«Կազմակերպություններից հիմնականները տուգանվել են: Այն ընկերությունները, որոն ավտոբուսները վթարվել են ճանապարհին, բոլորը հիմնականում տուգանված են եղել ժամանակին: Առաջին դեպքը հայտնաբերելու ժամանակ տուգանքը 450 հազար դրամ է, երկրորդի դեպքում` 900 հազար: Իհարկե, տուգանքը կարող է չլինել միակ ձևը, որը հնարավորություն կտա վերացնելու այդ ուղևորափոխադրումները: Մենք ժամանակի ընթացքում հնարավոր է դիմենք ավելի խիստ մեթոդների,  նույնիսկ թույլ չտանք` այդ մեքենաները շարունակեն իրենց ճանապարհը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ էլեկտրոնային համակարգ են ներդնում, որպեսզի  մաքսատանը էլեկտրոնային բազայով տեսնեն` ուղևորափոխադրում կատարողը կանոնավո՞ր է,  թե՞ ոչ:

Հարցին` ոչ կանոնավորներն ավելի մատչելի են, քան կանոնավորները, արդյո՞ք դա է պատճառը, որ մարդիկ դրանցից են օգտվում նախարարը պատասխանեց. «Գնային էական տարբերություն չկա: Հնարավոր է` մի քիչ մատչելի լինեն, բայց մարդիկ իրենց անվտանգությունը պետք է համարեն առաջնահերթ: Կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններում երեք վարորդով են ճանապարհ դուրս գալիս, բացի այդ` վարորդները բուժզննում են անցնում»: