կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 13:04
Իրավական

«Անալիտիկ»-ի խմբագիրն ազատ արձակվեց

«Անալիտիկ»-ի խմբագիրն ազատ արձակվեց

Այսօր «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Անալիտիկ»-ի գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Անի Հովհաննիսյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նշենք, որ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն այսօր ավարտվել է:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի` 2017թ. հուլիսի 25-ի վճռով  նա արդարացվել էր մեղսագրվող դրվագներից մեկով, իսկ մյուսով` մեղավոր ճանաչվել: Մասնավորապես` նա անմեղ է ճանաչվել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով խոշոր չափերով շորթում կատարելու համար:

Իսկ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից նրա և նրա մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափի գումար ստանալու համար մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը ձերբակալվել էր 2016թ. մայիսի 3-ին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016թ. մայիսի 6-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: