Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախարար Լևոն Ալթունյանին դիմավորել են բարի լուրով։ Այցից բացառապես րոպեներ առաջ կենտրոնը համալրվել է թվային ուլտրաձայնային հերթական համակարգով։ Նախարարին ներկայացվել են նաև հեռահար ճառագայթման, մամոգրաֆիական և վերջին շրջանում ձեռք բերված նորագույն մի շաք այլ սարքավորումներ։ Լևոն Ալթունյանը ծանոթացել է իրականացված և շարունակվող վերանորոգումներին, եղել նոր սարքավորումներով հագեցած վիրահատարաններում, բաժանմունքներում և ընդունարանում։
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ 2016թ. այստեղ բուժում է ստացել 11.451 հիվանդ։ Ձեռք բերված ժամանակակից սարքավորումների և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումների շնորհիվ զգալի բարձրացել է բուժման արդյունավետությունը։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճ։ Անցած տարի մեր երկրում արձանագրվել է շուրջ 8500 նոր դեպք։ Տարածվածությամբ առաջին տեղում մնում է թոքի քաղցկեղը։ Մեզանում դեռևս մտահոգիչ խնդիր է ուշ դիմելիությունը։ 40-45% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, երբ բուժման բարձր արդյունավետություն ակնկալելը դժվար է։
Հանգամանալից ներկայացվել են կենտրոնում իրականացվող բուժական և ախտորոշիչ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ֆինանսական միջոցների տնօրինման մեխանիզմները, որոնց շնորհիվ բարձրացել է բժիշկների աշխատավարձը։
«Տպավորված եմ իրականացված փոփոխություններով և առաջընթացով։ Ուռուցքաբանությունն, անկասկած, մեր երկրի համար չափազանց կարևոր ոլորտ է, և այն զարգացնելու խնդիր է դրված»,-նշել է նախարար Ալթունյանը։ Անդրադառնալով կենտոնի մասնավորեցման հարցին` նա նշել է, որ դրանով պետությունը չի հրաժարվում իր մոտեցումներից։
«Դա մասնավոր ներդրումներ ներգրավելով վիճակը բարելավելու հնարավորություն է»,-ասել է նախարարը` հավաստիացնելով, որ մասնավորեցումով կենտրոնի ուղղվածությունը չի փոխվելու։
Լևոն Ալթունյանը նշել է, որ պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար օնկոլոգիական յուրաքանչյուր հիվանդի հաշվով պետության կողմից հատկացվող գումարը պետք է ավելացվի։ Պետական բյուջեի միջոցներն այսօր այդ հնարավորությունը չեն ընձեռում, այդ իսկ պատճառով նախարարությունը գումարներ տնտեսելու գործողություններ է կատարում դրանք հեմոդիալիզի և ուռուցքաբանության ծառայություններին ուղղելու համար։
«Կարծում եմ, որ խիստ կարգավորելով կենտրոնի ուղղվածությունը, մասնավոր ներդրումներով հնարավոր կլինի զարգացնել ուռուցքաբանության բոլոր ուղղությունները»,-ասել է նախարարը` նշելով, որ հարմարավետ պայմաններում ուռուցքաբանական բարձրակարգ ծառայությունների ապահովումը կարող է խթանել բժշկական տուրիզմի զարգացմանը։
Ուռուցքաբանները բարձրացրել են տարբեր կլինիկաներում քաղցկեղով հիվանդներին վիրահատելու խնդիրը` հիմնավորելով, որ չարորակ նորագոյացությունները հնարավոր է արդյունավետ բուժել համալիր մոտեցման դեպքում` համակցելով վիրահատական, ճառագայթային, քիմիաթերապևտիկ և ախտորոշիչ ու բուժական այլ մեթոդներ։ Նախարարն առաջարկել է այդ առթիվ առավել հանգամանալից քննարկում կազմակերպել։
Հանդիպման ընթացքում ուռուցքաբանները ողջունել են ծխախոտի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու նախարարության նախաձեռնությունը և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։