կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 14:44
Քաղաքական

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանում Դավիթ Լոքյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպել են Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Դ. Լոքյանի խոսքով, ՀՀ կառավարության կողմից   որդեգրվել է մի  սկզբունք, ըստ որի,  աստիճանաբար պետք է իրականացվի   համայնքների խոշորացումը և պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: «Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և  ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու և մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվի, սա պետական քաղաքականություն է, որի արդյունքում մենք պետք է գնանք վարչատարածքային փոփոխությունների»,-ասել է Դ. Լոքյանը:  

Նա   համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և իրականացվող աշխատանքների մասին: «Համայնքի բյուջեով  իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել է գիշերային լուսավորություն,  համայնքի համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա,  գնվել է սերմացու՝ բնակիչներին անվճար տրամադրելու նպատակով, ստեղծվել են աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, և կրճատվել են այն աշխատողները, որոնք համայնքում որևէ գործառույթ չեն իրականացնում»,-նշել է Դավիթ Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, ՀՀ ՏԿԶ նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը: 

Նույն օրը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել են Գեղարունիքի մարզի խոշորացվող Ճամբարակի բնակավայրերի ղեկավարների հետ, ներկայացրել և քննարկել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Գեղարքունիքում նախատեսվում է ձևավորել խոշորացված  3 փունջ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն