կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 17:55
Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանում ԿԳ նախարարն անցկացրեց խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետարանում ԿԳ նախարարն անցկացրեց խորհրդակցություն

Օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, այլ պաշտոնյաներ:

Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց տնօրեններին ՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և նշեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ավարտին կհասցնի մարզի հանրակրթական դպրոցներ իր աշխատանքային այցերը և արձանագրված խնդիրներին կփորձեն լուծում տալ նաև ԿԳ նախարարության հետ միասին: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների փաթեթը, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին, որոշ չափորոշիչների: Դրանց թվում կրթության նախարարը խոսեց դպրոցների տնօրենների ընտրության, դպրոցական խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների անցկացման համար մշակված նոր ձևաչափերի մասին: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ արեց դպրոցներում կանխել դրամահավաքությունը, դպրոցական և միասնական համազգեստի ընտրության հարցում չպարտադրել սև և սպիտակ գույները:

Նախարարը խոսեց դպրոցների ավարտական և միասնական քննությունների անցկացման, դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության , ֆինանսական և իրավական հարցերում ճշգրիտ մոտեցման, դպրոցների ապաքաղաքականացման մասին, նշելով, որ կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելը նոր կառավարության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ հարկավոր է աշխատանքներ տանել, որպեսզի մարզում 2020 թվականից ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

« Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը պատրաստակամ է օգնել և աջակցել ձեզ դպրոցներում առկա խնդիրների լուծման հարցում: Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք համատեղ պետք է մեր ոլորտում իրականացնենք բարեփոխումներ»,- նշեց նախարարը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև հաջորդ ուսումնական տարվանից առաջին դասարանցիների դպրոց հաճախելու նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի անցմանը, նույն եղանակով ուսուցչի ընտրության և այլ փոփոխությունների վրա, ինչը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի կրթությունը մեր երկրում ավելի հասանելի դառնա: Հանդիպման ավարտին մարզի դպրոցների տնօրենները ՀՀ ԿԳ նախարարի և Գեղարքունիքի մարզպետի կողմից ստացան կրթության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ ծանոթացավ Մարտունի քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով և նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբեր ամսին: Նախարարը և մարզպետը եղան նաև նույն միջոցներով ամիսներ առաջ կառուցված Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի նախակրթարանում, ծանոթացան շենքային պայմաններին և գործունեությանը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին