կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 17:50
Հասարակություն

Իրազեկման նախաձեռնությունը խթան է միս վաճառող իրացման կետերի համար

Իրազեկման նախաձեռնությունը խթան է միս վաճառող իրացման կետերի համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ: Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ  բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:

Ապրիլի 14-ին առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից փակցվեցին տեղեկատվական պիտակներ Երևանում գործող անհատ ձեռնարկատերեր Սոս Իսրայելյանի Խորենացի 60 և Ազիզ Շաբաբյանի Խորենացի 64 հասցեներում գտնվող խանութների դիմապակիներին:

Դրանք կիրազեկեն հանրությանն այն մասին, որ Երևան քաղաքում գործող այս երկու խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:

Տեղեկատվական այդ պիտակների առակայությունը նաև փաստում է, որ տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության և՝ որ դրա անվտանգությունը երաշխավորված է:

Պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:

ՍԱՊԾ