կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 13:52
Քաղաքական

Ինչ-որ մեծ հաղթանակ մի համարեք. Արման Սահակյան

Ինչ-որ մեծ հաղթանակ մի համարեք. Արման Սահակյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում գյումրեցի պատգամավոր ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով այս ընտրություններին ևս ստացել է անցողիկ ձայներ, չկարողացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ է արել 5-րդ գումարման ԱԺ-ում, որ կրկին ցանկացավ պատգամավոր դառնալ: Նա նշեց, որ դրան ոտքի վրա պատասխանել չի կարող:

«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, այս ԱԺ-ում կշարունակեմ: Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր ունենք, որ չենք արել, դա այս ԱԺ-ում կանենք»,- ասաց Սահակյանը:

Հարցին՝ այս տարիների ընթացքում լռակյաց պատգամավոր է եղել, նոր ԱԺ-ում նրան խոսելիս կտեսնե՞նք, արձագանքեց. «Դե, էդ գաղտնիք չի, ես դրանից վատ էլ չեմ զգում, ամեն մարդ իր ոճն ունի աշխատելու. հիմա մարդ կա ճառ ա ասում, մարդ կա զանգ ա կախում»:

Հարցին՝ նրա կախած զանգը ո՞րն է եղել, պատգամավորը պատասխանեց. «Իմ կախած զանգն այն է եղել, որ արդյունքներից էլ երևում է՝ ժողովուրդը հույսեր է կապում, որ ընտրել է»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Շիրակում մարդկանց վերագրանցումներ են տեղի ունեցել, նաև` նրա օգտին քվեարկելու համար, ապա, ըստ Սահակյանի, նման բան չի եղել: «Ոչ մի վերագրանցում չի եղել, սուտ տեղեկություններ են, այդպիսի բան ես չգիտեմ»,- հայտարարեց նա:

Հարցին՝ իր գործունեության մեջ ֆունդամենտալ ինչ-որ բան կփոխվի՞, պատասխանեց. «Պարտավորված եմ զգում, որովհետև արդյունքներից բավարարված եմ: Շիրակի ժողովրդի ձայները ստանալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար, դրա համար արդյունքները կտենանք»:

Հարցին, թե ո՞րն է նրա հաղթանակի գրավականը, Սահակյանը պատասխանեց, որ դա ինչ-որ մեծ հաղթանակ չպետք է համարել: «Դե տենց ինչ-որ մեծ հաղթանակ մի համարեք: Ես երրորդ անգամ եմ ընտրվում. մոտավորապես նույն քանակի ձայն եմ հավաքել»,- ասաց նա:

Ընտրարշավի ընթացքում իր ծախսած գումարների մասին էլ Սահակյանը նշեց, որ ծախսել է այնքան, որքան կարելի է: