կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 20:01
Հասարակություն

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ապրիլի 6-ին կատարվել է հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: 

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Հոգեհանգստյան կարգին մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ, ինչպես նաև բռնադատված եկեղեցականների ժառանգներ և հարազատներ:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը օրվա խորհրդի շուրջ իր պատգամն է ուղղել ներկաներին:

«Աղոթական ոգով կատարեցինք համայնավարական բռնապետության տարիներին նահատակված մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր սպասավորների հոգեհանգստյան արարողությունը: Մեր նահատակյալ հոգևորականների շարքում է նաև եկեղեցամարտ իշխանությունների կողմից բռնության ենթարկված ու սպանված Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դժվարին ժամանակներում հայոց հոգևոր կյանքի վերազարթոնքի համար անձնդիր ջանքեր ներդրած մեծանուն Հայրապետը, ում մահվան տար ելիցն է այսօր:


Ոգեկոչման այս արարողությունը վերստին մեզ առիթ է ընծայում անդրադառնալու պատմության հոլովույթներում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կրած զրկանքներին ու փորձություններին, որոնց միջով անցնելիս մեր Մայր Եկեղեցին չի սասանվել, այլ հաստատուն քայլերով շարունակել է իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում` շնորհիվ  նվիրյալ սպասավորների կորովի ջանքերի ու սխրանքների: Երկնահաճո և ազգօգուտ ծառայությունը նորոգ ձեռքբերումներով զարդարելու վճռականությամբ լցված` հալածանքների ժամանակաշրջանում Տիրոջ արժանավոր սպասավորները ա րում ու գործում էին բազում արգելքների ու խոչընդոտների մեջ, առ Բարձրյալն աղոթքով, առ Քրիստոս մեր Տերը անբեկանելի հավատարմությամբ և լուսավոր գալիքի հույսով: Պատմական այդ ծանր շրջանում մեր հոգևորականներն իրենց կյանքը զոհեցին, որպեսզի անմար մնա հավատքի լույսը հայոց մեջ, շարունակվի մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և հավատավոր հայոց ազգին դեպի փրկություն և հավիտենություն առաջնորդելու ծառայությունը` համահունչ առաքելական խոսքին. «Ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն է լ առավել կլինի. քանզի, եթե նեղություն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարության և փրկության համար է» (Բ Կորնթ. Ա 5-6):

Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը: 

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններ վ առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում:

Սիրելիներ, Մեր անձնազոհ հոգևորականների վառ հիշատակի առջև հարգանքով և խոնարհումով Հայոց երանյալ Հայրապետ Խորեն Ա Մուրադբեկյանի նահատակության օրը` ապրիլի 6-ը, հռչակում ենք համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված եկեղեցականների հիշատակի օր», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ոգեկոչման արարողության առիթով Նորին Սրբությունը Հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունն է բերել նահատակված հոգևորականների հիշատակը հավերժացնող հուշապատի կառուցման բարերար Ալեքսանդր Տեր-Ավանեսովին (Մոսկվա, ՌԴ) և շինարար Գագիկ Գալստյանին, աղոթքով հիշել է հուշարձանի ճարտարապետ լուսահոգի Ջիմ Թորոսյանին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերը անսասան պահի հայրենի պետությունը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և խաղաղ` հայոց աշխարհը: