կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 17:47
Հասարակություն

Մահվան 48, հիվանդացության` 820 դեպք. Հայաստանում տուբերկուլոզի բուժումը մոտ է ԱՀԿ-ի արդյունքին

Մահվան 48, հիվանդացության` 820 դեպք. Հայաստանում տուբերկուլոզի բուժումը մոտ է ԱՀԿ-ի արդյունքին

«Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով էլ այսօր նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների դինամիկ նվազումը 2007-ից սկսած կազմում է տարեկան 5-7 տոկոս: Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը մեզ մոտ իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Տուբերկուլոզի ախտանշաններն են` հազ` խորխարտադրությամբ /2 շաբաթ և ավելի տևողությամբ/, արյան առկայություն խորխում, գիշերային քրտնարտադրություն, երկարատև, բայց ոչ բարձր ջերմություն /37-37,5°C/, հևոց, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ, թուլություն:

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2016-ին տուբերկուլոզով հիվանդացության 820 նոր դեպք է գրանցվել, իսկ մահվան` 48 դեպք:  

«Տուբերկուլոզի հետևանքով մահերի հիմնական պատճառը հանդիսանում են համակցված վարակները, հատկապես` ՄԻԱՎ-ը: Տուբերկուլոզով հիվանդների մեջ մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքից վերադարձողները` հիմնականում` Ռուսաստանից եկածների մոտ է հայտնաբերվում այն: Ի դեպ, հիվանդությունը 2-3 անգամ ավելի շատ է հայտնաբերվում հենց տղամարդկանց շրջանում»,-ասաց Հայրապետյանը:

Ի դեպ, տուբերկուլոզը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բայց հիվանդության զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Այն ախտահարում է բոլոր օրգանները, բացի մազերից ու եղունգներից: Հայրապետյանի հավաստմամբ` Հայաստանը մոտ է ԱՀԿ-ի` տուբերկուլոզի բուժման ցանկալի ելքին` ունենալով 82,3 տոկոս բարեհաջող ելք /ԱՀԿ-ի ցուցանիշը 85 տոկոս է/: «Մենք վերահսկում ենք նաև քրեակատարողական հիմնարկներն ու ԶՈՒ-ն` տեղում ստուգումներ անելով: Տուբերկուլոզը լիովին բուժելի հիվանդություն է, եթե հիվանդը ժամանակին ախտորոշվի ու հետևի բժիշկների խորհուրդներին: Լինում են դեպքեր` կիսատ են թողնում բուժումն ու որոշում, որ պետք է դուրս գրվեն հիվանդանոցից` այդ դեպքերում ստիպված ենք լինում բուժումը տանը կազմակերպել»,-ասաց Հայրապետյանը:

Ի դեպ, քանի որ տուբերկուլոզը սոցիալական հիվանդություն է համարվում, իսկ բուժումը կարճ չի տևում /2-6 ամիս/, պետությունը նաև ամսական որոշակի գումար է տրամադրում, որպեսզի հիվանդը կարողանա հիվանդանոց այցելի` բուժում ստանալու, այսինք` դեղակայուն հիվանդներին` 26 000, իսկ դեղազգայունների համար` 16 000 դրամ է հատկացվում: