կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 14:58
Տարածաշրջան

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված` գերմանական պարբերականի թղթակցին

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված` գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված` գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուջելն ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային` հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: 

«Յուջելն իր աշխատանքն է կատարել: Լրագրությունը պետք է անկախ լինի, լրագրողները պետք է կարողանան իրենց գործն անել: Գերմանիայում ազատության և անկախ մամուլի առկայությունը մեր ժողովրդավարության մի մասն է»,- ասել է Մերկելը:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով Մերկելի վերոնշյալ հայտարարությանը, նշել է, որ  Գերմանիայի կանցլերի խոսքերը կզայրացնեն նախագահ Էրդողանին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Դենիզ Յուջելը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա անելու մեղադրանքով»:

Թուրքական դատարանը, որպես մեղադրանքի հիմք, առաջ է քաշում Յուջելի՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ արած հարցազրույցը, որում Բայըքը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Բացի այդ` մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Յուջելի՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված հոդվածում տեղ է գտել մի անեկդոտ, որը իբր թե  թուրք և քուրդ ժողովուրդների միջև ատելություն և թշնամություն  է սերմանում: Թուրքական իշխանություններին հատկապես զայրացրել է  լրագրողի` 2017թ. փետրվարի 17-ին հեղինակած հոդվածը, որում նա ակնարկել է, որ  մինչև հիմա չկա հստակ ապացույց, որ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել էր գյուլենական համայնքը: