կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 17:44
Տարածաշրջան

Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

Հունական դատարանը մերժել է Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի` հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրանք ուղղաթիռով Հունաստան էին փախել: Նրանք Թուրքիայի կողմից մեղադրվում են  հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ բրիտանական BBC լրատվամիջոցի թուրքական ծառայության` Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հունաստանի դատարանի այդ որոշումը խոչընդոտ է ստեղծում մի շարք անձերի պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում  մեծ դեր են ունեցել: Նրանք նույնիսկ մահափորձ են կատարել Թուրքիայի նախագահի դեմ:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հունական դատարանի նման դիրքորոշումը «չի համապատասխանում միջազգային օրենքների ձևաչափերին, ինչպես նաև ճանապարհ է հարթում հետագա անպատժելիության համար»:

Հավելվում է նաև, որ սրանով «Հունաստանը  ցույց է տալիս, որ պաշտպանում  է Թուրքիայում հեղաշրջում իրականացնողներին, և  դա այն դեպքում, երբ Հունաստանն անցյալում ինքն  է վերապրել հեղաշրջումներ»: 

Հունաստանին զգուշացում է կատարվել, որ վերոնշյալ որոշման  դեմ թուրքական կողմը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները: Զինվորականների արտահանձմանը և ձերբակալմանը ուղղված փորձերը Թուրքիայի կողմից  կշարունակվեն: