կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 17:21
Առանց Կատեգորիա

Քաղաքական ակտիվ քամելեոնների մասին

Քաղաքական ակտիվ քամելեոնների մասին

Օրերս «Երկիր մեդիա» հեռուստաալիքը սխալվել, անդրադարձել էր ՀՎԿ-ին (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ին): Բոլորի աշխատանքում էլ պատահում են նման կիքսեր: Հավանաբար, «Երկիր մեդիայի» մեր գործընկերները մտածել են` շենքին-շնորհքին կուսակցություն է, կարելի է նաև անդրադառնալ: Ի՞նչ իմանային, սակայն, որ այդ անդրադարձից հետո ՕԵԿ-ում «պրիպադկա» կսկսվի, և Արթուր Բաղդասարյանն իր բոլոր խոսնակ-չխոսնակներին քսի կտա Դաշնակցության վրա, որովհետև հեռուստաընկերությունը Դաշնակցությունից, իսկ Դաշնակցությունը հեռուստաընկերությունից չի տարբերում:

Եղածը եղած է, իսկ խոսքը` թռչուն` բաց թողեցիր, այլևս չես բռնի:

«Երկիր մեդիայի» «Դիտակետում» հաղորդաշարի թողարկումից հետո ֆեյսբուքյան անհաջող հավելվածի վերածված hartak.am-ը հակադաշնակցական արշավ է սկսել, որին մի քանի տողով անդրադառնալը չէր խանգարի զուտ այն պատճառով, որ այդ արշավը գլխավորում է «Հայկական վերածնունդ» (այսպես կոչված` նախկին ՕԵԿ) կուսակցության հանրային կապերի հանձնաժողովի ղեկավար Կարեն Թումանյանը, այսինքն` կիսապաշտոնական մի երևույթ, որը, պետք է ենթադրել, Արթուր Բաղդասարյանի խոսափողն է կյանքում և «Ֆեյսբուք»-ում:

Այս Կարեն Թումանյանը, որ, ի հեճուկս զբաղեցրած պաշտոնի, նաև ոչ գրագետ մեկն է, ֆեյսբուքյան պատն ու hartak.am-ի էջերը լցրել է իր և մի քանի իրնմանների հակադաշնակցական զառանցանքներով` փորձելով ցրել ՀՎԿ-ի (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ի), մասին եղած շատ հիմնավոր կարծիքը: Նրա այդ տվայտանքներից, սակայն, ՀՎԿ-ի (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ի) մասին կարծիքը չի փոխվում, այլ միայն ավելի հիմնավոր է դառնում:

Դաշնակցությանը «քաղաքական ուժ կոչեցյալ» անվանելը, բնականաբար, այդ որակումն օգտագործողի խելացիության մասին ոչինչ չի ասում: Իսկ երբ նրա` փրփուր ի բերան «քննադատական» խոսքը ներկայացվում է նաև պիս(ը)րական մակարդակի գրառումով, անմիջապես հասկանում ես` ում հետ գործ ունես: Վստահաբար, չէի անդրադառնա, եթե, կրկնում եմ, Կարեն Թումանյանը չհամարվեր Արթուր Բաղդասարյանի խոսափողը և «Երկիր մեդիայի» հաղորդումից իր այլայլմունքը չվերածեր հակադաշնակցական հիստերիայի:

Նոր բան, որ Դաշնակցությունը չի լսել իր այս կարգի «ընդդիմախոսներից», Կարեն Թումանյանի` անձնական և այստեղից-այնտեղից հավաքած գրառումների մեջ չկա: Նույն վայրահաչությունն է` ՀՅԴ-ն փոխվել է, վարկանիշն ընկել է, Հայաստանի ՀՅԴ-ն հեռացել է Սփյուռքի ՀՅԴ-ից, փոխվել են նպատակները, ղեկավարները սխալ մարտավարություն են որդեգրել և այլն: Եվ այս չարչրկված վայրահաչությունը պսակվում է մի «ղզիկությամբ», որ միայն ծիծաղի պոռթկումով կարելի է շրջանցել: Հիացեք, խնդրեմ. «Այսօրվա ՀՅԴ-ն պատրաստ է օրինակ՝ տուրք տալ նախանձին, նամանավանդ, երբ տեսնում է, թե ինչպես է որևէ այլ քաղաքական ուժ՝ շնորհիվ արդի  գաղափարախոսության, հայրենանպաստ գործունեության, իր կողմը գրավում ՀՅԴ-ի երբեմնի կողմնակիցներին»: Եվ սա ասում է ՀՎԿ-ի (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ի) ղեկավար Արթուր Բաղդասարյանի համարյա խոսնակը:

Չգիտեմ էլ` ինչ ասեմ:  Շատ լավ է, իհարկե, որ ինքն է գրել` «ՀՅԴ-ի երբեմնի անդամներին»: Այսինքն` հասկանում է, որ ՀՅԴ-ից դուրս մնացածները կամ հեռացվածներն են միայն հրապուրվում իր բնութագրմամբ` «ժամանակակից գաղափարախոսություններով»: Ավաղ նա չի նշել, թե ում «ժամանակակից գաղափարախոսության» մասին է խոսքը: Չլինի՞ ՀՎԿ-ի (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ի): Ամեն դեպքում` Կարեն Թումանյանին մի այսպիսի խորհուրդ տանք` հլա մի հատ ձեզ նայեք: ՕԵԿ-ի կեսը` ԱԺ փոխնախագահի ու պատգամավորների մակարդակով, մի գիշերվա մեջ է թռել կուսակցությունից, անձամբ Արթուր Բաղդասարյանը մի գիշերվա մեջ է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունից սիրահարվել Սերժ Սարգսյանի «ավելի ժամանակակից» գաղափարախոսությանը: Սա ես չեմ ասում: Սա ասում են «Վիքիլիքս»-ի սկանդալային բացահայտումները, ըստ որոնց` Արթուր Բաղդասարյանը քամելեոն է` պատրաստ վաճառվելու ամենաբարձր գին առաջարկողին: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարներ Էնթոնի Գոդֆրիի, Ռուդոլֆ Փերինայի, Ջոզեֆ Փենինգթոնի, դեսպան Մարի Յովանովիչի անունները Կարեն Թումանյանին և նրա շեֆին որևէ բան հուշո՞ւմ են, արդյոք…

Մենք այստեղ կանգ կառնենք, քանզի մեր նպատակը ՀՎԿ-ի հասցեին «սև» PR անելը չէ: Մարդիկ են, քաղաքական ակտիվ քայլ են ձեռնարկել, իրենց ներշնչել են, որ քաղաքական ուժ են: Այդ ներշնչանքը պետք է միայն ողջունել: Բայց նաև չենք կարող չասել, որ ժողովրդի անեծքից ազատվելու համար անունը փոխած կուսակցության կարկառունները պետք է մի փոքր ավելի համեստ լինեն: Այլապես այս ոսկի կանոնը ՀՎԿ-ի (այսպես կոչված` նախկին ՕԵԿ-ի) դեպքում անտեսվում է, և քեզ մնում է հիշել՝ խևին խրատը, սևին սապոնը ոչինչ անել չեն կարող:

Էդիկ Անդրեասյան