Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկ կարելի՞ է` ես էլ մի կուսակցություն բացեմ, անունը դնեմ՝ «Գանգ», ու, որպեսզի շատ հայեցի լինի, վերանվանեմ «Հայոց գանգ» ու գնամ Պետրոսին հյուր՝ ներկայացնելու կուսակցությանս ծրագիրը, նպատակները, տեսլականը: Հավանաբար, կարելի է, ամեն դեպքում` մենք այնքան ժողովրդավարական երկիր ենք, որ այդ ժողովրդի ներկայացուցիչներից ցանկացածի մտքով ինչ անունով կուսակցություն բացել անցնում է, բացում է: Ի դեպ, «Հայոց գանգը» այս ցուցակում ամենեւին էլ կոպիտ ու գռեհիկ չէ:
Իրականում, որքան էլ այս ամենը ծիծաղելի լինի, իսկ քաղաքականությունը՝ լուրջ, կամ` հակառակը, մենք ունենք լուրջ խնդիր: Մենք ասելով՝ նկատի ունեմ ժողովուրդը: Ես, իհարկե, չգիտեմ, թե ի՞նչ նպատակով է ցանկանում կուսակցություն բացել եւ ինչո՞ւ է հենց այդ անունով կուսակցություն բացում աշխարհի միակ Յոժը, որի անունը Սերոժ է, բայց այս կուսակցությունը շատ վտանգավոր է մեր՝ առանց այդ էլ քաղաքացիապես թույլ զարգացած հասարակության համար: Հարցը, ընդ որում, ոչ այնքան անվան գռեհկությունն է, որքան գործընթացին անլրջություն տալը: Տեսեք` գալիք ապրիլին համապետական շատ կարեւոր ընտրություններ են: Ընտրելու ենք գալիք խորհրդարանը, ընտրելու ենք կուսակցություններ: Հիմա` եթե նորընծա կուսակցապետն այս ընթացքում` մինչեւ ընտրությունները, մի քանի անգամ էլ Պետրոսին հյուր գնա, մի երկու անգամ էլ` այլ ալիքներ, մի հարյուր անգամ էլ «Ֆեյսբուք»-ում ստատուս գրի եւ տեսանյութ հրապարակի, ապա լինելու են շատ մարդիկ, ովքեր գնալու են ընտրության եւ, ջնջելով բոլոր՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների անունները, ընտրելու են Սերոժի կուսակցությունը: Բանն այն է, որ մարդկանց մեծ մասն այսօր զզված է, իսկ երբ մարդիկ զզվում են, հիշում են զզվելի բաներ, իսկ աշխարհի ամենազզվելի բանը Սերոժի կուսակցության անվանումն է: Այսինքն` ընտրելով Սերոժի կուսակցությունը, մարդիկ ոչ այնքան ընտրություն կկատարեն, որքան կարտահայտեն իրենց վերաբերմունքը քաղաքականության, քաղաքական կուսակցությունների, գործընթացների, իրավիճակի նկատմամբ, եթե ապրիլին էլ ցուրտ եղանակ լինի, ապա նաեւ` այդ ցրտի:
Ի դեպ, հո չե՞ք նեղանում, որ Ձեզ Սերոժ եմ անվանում, եթե` այո, ապա պատկերացրեք, թե մենք որքան ենք նեղանում, որ այդ անունով կուսակցություն եք ցանկանում բացել:
Մի խոսքով` կստացվի այնպես, որ ընտրությունների ժամանակ մեծ թվով անվավեր ընտրաթերթիկներ կլինեն, քանի որ, որքան էլ մենք ցանկանանք, որ հենց Սերոժն իր կուսակցությունով մեզ առաջնորդի, նրան ընտրելով, անվավեր կդարձնենք մեր ընտրաթերթիկը: Ի՞նչ է սա նշանակում կամ ո՞ւմ է ձեռնտու: Հասկանալի է, որ ընդդիմությանը ձեռնտու չէ, քանի որ առանց այդ էլ քիչ ձայներ ունի, իսկ այդ քիչ ձայներից էլ ավելի քիչը ստանալու է: Պատճառների մեջ չխորանանք: Իսկ իշխանության պարագայում բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են ՀՀԿ-ին ընտրել, գնալու եւ ընտրելու են, այսինքն` ՀՀԿ-ն ստանալու է` անկախ նրանից, թե Սերոժը քանի անգամ Պետրոսին հյուր կգնա եւ քանի Պետրոս կմտնի Սերոժի կուսակցություն: Ստացվում է, որ Սերոժը խանգարում է ընդդիմությանը, քանի որ որքան շատ լինեն ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչված թերթիկները, այնքան քիչ ընտրվելու հավանականություն կունենա ընդդիմությունը:
Բայց այստեղ ուրիշ խնդիր կա ու ամենեւին էլ ոչ քաղաքական: Չգիտեմ, գուցե բարոյական, գուցե հոգեբանական, անգամ` փիլիսոփայական: Տեսեք` կարելի է, իհարկե, զզվել քաղաքականությունից, կուսակցություններից, գործընթացներից, անգամ` որոշ կամ շատ քաղաքական գործիչներից, բայց զզվանքն արտահայտելու ձեւեր կան: Օրինակ` երբ զզվանքն արտահայտում ես զզվելի ձեւով, դառնալով ոչ պակաս զզվելի, ումից առաջարկում ես զզվել կամ ումից պնդում ես, որ զզվում են, ինքնըստինքյան ընկնում ես Սերոժի կուսակցության մեջ:
Ի դեպ, ավելի լավ չէ՞ր լինի, եթե կուսակցությունն այսպես էլ կոչվեր՝ Սերոժի կուսակցություն, կամ պարզապես՝ «Յոժիկ»: Բանն այն է, որ եթե դու կուսակցություն ես բացում, ենթադրենք` «Հիմար» անունով, նշանակում է` ընդունում ես, որ մյուս կուսակցությունները հիմար չեն:
Հովիկ Աֆյան