Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականին ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն աշխատանքներն իրականացրել է հիմնականում երկու ուղղությամբ՝ հիվանդանոցային համակարգի արդիականացման և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, որը բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ է մատուցում իրենց բնակավայրին մոտ: Ընթացիկ տարում իրենց դռներն են բացել նաև նորակառույց հինգ գյուղական առողջության կենտրոններ` Արարատի մարզի Լանջազատ և Մխչյան, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին և Արագածոտնի մարզի Բյուրական համայքներում: Դրանք միաժամանակ ապահովվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Ներկայումս սահմանված ժամկետների գերազանցմամբ ընթանում են Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց ավարտը ակնկալվում է 2018 թվականին:
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից է բխում 2015թ. սկզբից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։
Բոլորին քաջ հայտնի է, որ մահացության կառուցվածքում 80 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։ Առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման նպատակով: Մինչ օրս իրականացվել է 875 հազար հետազոտություն, այդ թվում՝ կանանց մոտ շուրջ 108 հազար ՊԱՊ թեստի, շուրջ 317 հազար քաղաքացու՝ արյան մեջ քաղցի գլյուկոզի և 450 հազար քաղաքացու՝ զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգային հետազոտություններ: Խոցելի խմբերի ընդգրկվածությունը հնարավորինս մեծացնելու նպատակով դեռևս ծրագրի նախապատրաստական փուլից սկսած իրազեկման լայնածավալ աշխատանքները տարվել են: Նպատակը միաժամանակ առողջ ապրելակերպի քարոզչությունն է:
Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը: Տարածաշրջանում առաջին անգամ կիրականացվեն ոսկրածուծի փոխպատվաստումներ, բարձր դեղաչափային քիմիաթերապիա և միջազգային չափորոշիչներնին համապատասխանող այլ միջամտություններ: Միաժամանակ, կենտրոնի մեծահասակների և մանկական 6 մասնագետ Համբուրգի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում վերապատրաստվել է ծրագրի շրջանակում: Բազմաթիվ այլ մասնագետներ էլ աշխարհի առաջատար կլինիկաներում վերապատրաստումներ են անցել այլ ծրագրերով։
Հաշվի առնելով հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղների բուժման բացառիկ նշանակությունը` ծրագիրն իրականացվել է «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Գալիք տարում մարզային բժշկական կենտրոնների արդիականացման և սկրինինգային ծրագրերի շարունակմանը զուգընթաց Վանաձորի բժշկական կենտրոնը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով, կիրականացվեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման կառուցման աշխատանքները։