կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 16:19
Հասարակություն

Երեխան կարող է տարվա մեջ մինչև 7 անգամ գրիպով վարակվել

Երեխան կարող է տարվա մեջ մինչև 7 անգամ գրիպով վարակվել

Եղանակի ցրտելու հետ գրիպի վերածվող վիրուսներն ակտիվանում են: «Գրիպի առաջացման պատճառ 40 տոկոսով կարող է հանդիսանալ ռինովիրուսը, 20 տոկոսով` կորոնովիրուսը», և 10 տոկոսով այլ  վիրուսներ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում գործունեություն ծավալած բրիտանացի բժիշկ Մեհրդատ Ռոստամ Պուրը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տարվա այս ժամանակահատվածում ամենատարածվածը ռինովիրուսն է, այն փոխանցվում է շնչառական ուղիներով: Առաջին 3 օրվա նախանշաններն են ՝ գլխացավ, քթից և կոկորդից լորձարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Այդ նախանշանների ուժեղացման դեպքում, և երբ արդեն դժվարանում է սննդի ընդունումը` կուլ տալու պրոցեսը, մարմնի ջերմաստիճանը 39 աստիճան և ավելի է, ընդհանուր թուլություն կա, մկանների սպազմ, անհրաժեշտ է դիմել բժշկի: Վիրուսը բուժող դեղ, ըստ մասնագետի, դեռևս գոյություն չունի, օգտագործվող դեղերը նախանշանները թուլացնելու համար են:

«Ավելի արագ վարակվում են երեխաները` նորածնից մինչև 5-6 տարեկան, և 60-ից անց տարիքային խումբը, այսինքն` ավելի թույլ իմունիտետով մարդիկ: Երեխան կարող է մեկ տարվա մեջ մինչև 7 անգամ գրիպով վարակվել, և դա նորմալ է: Շրջակա միջավայրում վարակը չտարածելու համար մարդկանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում կրել բժշկական դիմակ, որն օրվա ընթացքում պետք է 2 անգամ փոխել: Շատ կարևոր է նաև ձեռքերը գոլ ջրով և օճառով լվանալը, որովհետև ռինովիրուսը տարածվում է նաև շփման (ձեռքի) միջոցով»,- նշեց բժիշկը:

Նա վարակակիրներին խորհուրդ է տալիս դիմել բժիշկի, եթե 3 օր անց նախանշանները չեն թուլանում: Առաջին 3 օրվա ընթացքում պետք է շատ հեղուկ օգտագործել, հավի մսի արգանակ, հարկավոր է զերծ մնալ ֆիզիկական աշխատանքից: Հղի կանանց խորհուրդ է տրվում գրիպի նախանշանների դեպքում, առանց ժամանակ կորցնելու, դիմել բժշկի: