Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարել է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ այսօր փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը:
«Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից և արդյունավետ, լինի Կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին և, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը:
Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում: Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները:
Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաև այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել և ընդունել նոր կարևոր որոշումներ:
Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահը:
Սեղմ կազմով բանակցություններին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: