կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 17:00
Հասարակություն

Պարգևատրում՝ Ուսուցչի օրվա շրջանակում

Պարգևատրում՝ Ուսուցչի օրվա շրջանակում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մի խումբ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ Ուսուցչի օրվա շրջանակում արժանացել են ԿԳՆ պարգևների:  Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն  ընդգծել է ուսուցչի աշխատանքի կարևորություն պետության և հասարակության համար. «Մենք լիահույս ենք, որ հասարակությունն իր զարգացման ընթացքում  կհասնի մի մակարդակի, որտեղ ամենահարգված խավը կլինի մանկավարժը և ամենակարևորը կլինի ուսուցչի կարծիքը: Ուսուցչի  կարևորումից է  սկսվում ցանկացած հասարակության առողջացումը և զարգացումը»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը՝ հավելելով, որ  սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում մեր ուսուցիչները կատարել և կատարում են այնպիսի պատասխանատու աշխատանք, որը կարելի է առանց վարանելու գնահատել  հերոսական:

«Ուսուցիչները հերոսներ են, որոնց ամենօրյա պայքարը  դասասենյակում է և ուղղված է երկրի  համար արժանի քաղաքացու կայացմանը»,- դիմելով ուսուցիչներին նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով ստեղծագործական մտքի նվաճումներ, անձնական երջանկություն և առողջություն:

Միջոցառման շրջանակում պարգևների են արժանացել  կրթության ոլորտի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ,  մասնավորապես  ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ  Սարգիս Գալոյանը, ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 105 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման տեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը, Գյումրիի «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի ուսուցիչ Գոհար Բաղդասարյանը և ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Մի խումբ մանկավարժներ էլ արժանացել են ԿԳ նախարարի պատվոգրերի և շնորհակալագրերի:

ՀՀ ԿԳՆ