կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 19:44
Առանց Կատեգորիա

«Թայֆա»-ի սրբազան օրենքը

«Թայֆա»-ի սրբազան օրենքը

Եթե հույսը վերջինն է մեռնում, վտանգ կա, որ վերջը եկել է: Համենայնդեպս, երբ Yerkir.am-ը առավոտյան փողոցային հարցում անցկացրեց պատահական քաղաքացիների շրջանում՝ փորձելով պարզել, թե նրանք ինչ հույս ունեն նոր վարչապետից, քաղաքացիների մեծ մասը պատասխանեց՝ ոչ մի: Ավելին, դեռ մի բան էլ բացատրել են, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում եւ կամ «նոր թայֆա է գալու»: Իսկ մենք գիտենք, թե ինչ է անում թայֆան, երբ գալիս է:

Բայց ի՞նչ է նշանակում «թայֆա»: Անկեղծ ասած՝ Աղայանի բառարանն այս կապակցությամբ ոչինչ չի ասում, ինչը նշանակում է, որ մեզ նոր բառարանագիր է պետք՝ հաշվի առնելով նոր ժամանակները եւ բարքերը, բայց փորձենք տրամաբանել, թե ինչու է մեր քաղաքացին իշխող վերնախավին անվանում «թայֆա»: Հազար պատճառ կարելի է բերել, բայց մի շատ կարեւորը կա: Իշխող վերնախավի որեւէ ներկայացուցիչ հրապարակայնորեն չի պատժվել, ընդ որում խոսքը չի գնում միայն քրեական պատժի մասին: Տեսեք, երբ որեւէ պաշտոնյա մեր երկրում պաշտոնանկ է արվում, ապա նրան պաշտոնանկ անողը չի նշում, որ այդ քայլին է դիմել, քանի որ տվյալ պաշտոնյան չի կատարել իր պարտավորությունները, չի լուծել իր առջեւ դրված խնդիրը, չի կատարել կուսակցական, իշխանական ծրագիրը, մի խոսքով՝ թերի է աշխատել, դրա համար էլ հանվում է: Մինդչեռ սա բնական է՝ ամբողջ աշխարհում. եթե պաշտոնյան թերի է աշխատում, նրան հանում են, ավելի ճիշտ՝ պաշտոնյային հանում են, քանի որ նա թերի է աշխատել: Մեզ մոտ ճիշտ հակառակն է: Եթե լսեք այն ճառերը, որոնք հնչում են պաշտոնանկություններից հետո, ապա պաշտոնից հրաժարված կամ այն թողած մարդը անթերի է աշխատել, ամեն ինչ արել է, որ հաջողություն լինի իր ոլորտում, այդ հաջողությունը եղել է, եւ մենք հիմա շնորհակալություն ենք հայտնում նրան, որ այդ հաջողությունները եղել են, բայց…Այս բայց-ից հետո սկսում է ռոմանտիկան, թե բա՝ նոր ժամանակներ են, նոր տեմպ է պետք, նոր իրողություններ կան,… Եղբայր, եթե մարդը լավ է աշխատել, իսկ դու ասում ես, որ լավ է աշխատել, եթե մարդը պրոֆեսիոնալ է, իսկ դու ասում ես, որ պրոֆեսիոնալ է, ինչո՞ւ ես հանում, ուրեմն իրականում նա վատ է աշխատել եւ պրոֆեսիոնալ չէ՞, թե՞ ուրեմն դու չես ցանկանում, որ աշխատեն լավ եւ պրոֆեսիոնալները:

Այսինքն, Հայաստանում պաշտոնանկությունների համար պաշտոնը թողած մարդու աշխատանքից հրապարակային դժգոհություն չկա եւ չի նշվում, որ ենթադրենք Պողոս Պետրոսյանը աշխատանքից ազատվել է, քանի որ լավ չի աշխատել: Մինչդեռ սա շատ կարեւոր է: Ավելին, եթե սա չի լինում, պաշտոնանկությունները ոչինչ չեն նշանակում, ոչինչ չեն փոխում, միեւնույն է՝ պաշտոն ստացողը գիտի, որ ինքը կարող է հանգիստ թերանալ աշխատանքում, միեւնույն է՝ երբ պաշտոնին հրաժեշտ տալու իր ժամանակը գա, իրենից բոլորը շնորհակալություն են հայտնելու՝ հաջողություններ արձանագրելու համար: Այս պատճառով էլ մեր երկրում պաշտոնյաները փոխվում են, բայց իրավիճակը՝ ոչ:  Պաշտոն ստացողը գիտի, որ իր խնդիրը ոչ թե հաջողություններ արձանագրելն է, քանի որ եթե անգամ դա չլինի, իրեն դրա համար շնորհակալություն են հայտնելու, այլ իրեն նշանակողին հավատարիմ մնալը եւ այնպես անելը, որ իրեն նշանակողը միշտ զգա, որ ինքը կարեւոր է, իր՝ տվյալ պաշտոնում մնալը՝ նույնպես: Հենց չզգաց, հանելու է, կամ հրաժարական է տալու: Սա է ամբողջ պատմությունը, բայց մի նրբություն էլ կա: Ստացվում է, որ Հայաստանում պաշտոնին չեն նշանակվում, որպեսզի հաջողություններ արձանագրվեն, այլ նշանակվում են, քանի որ նախկինները դադարել են կարեւոր լինելուց՝ այդ պաշտոնում եւ նոր նշանակվողները դարձել են անհրաժեշտ, ավելի անհրաժեշտ՝ տվյալ իրավիճակում, որը կարող է ձգվել 8 ամիս, կամ ավելի, քան 8 ամիս:

Նման համակարգը կոչվում է «թայֆա»:

Հիմա ամենակարեւորը՝ հույսը վերջինը չի մեռնում, հույսը երբեք չի մեռնում…

Հովիկ Աֆյան