կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 15:14
Սպորտ

Հպարտ եմ, որ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է հաղթել. Արթուր Ալեքսանյան

Հպարտ եմ, որ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է հաղթել. Արթուր Ալեքսանյան

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց օլիմպիական խաղերում իր ելույթների և տպավորությունների մասին։

«Հպարտություն եմ ապրում` լինել Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը և 20 տարի անց կրկին ոսկե մեդալ նվաճել մեր երկրի համար։ Հպարտ եմ, որ դրսում մարդիկ մոտենում են ինձ ու շնորհավորում։ Դա իմ համար ամենամեծ հաղթանակն է, երբ տեսնում եմ, որ իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է հաղթել։ Ես նվաճել  եմ բոլոր հնարավոր տիտղոսները, բայց ասեմ, որ չեմ հանգստանալու այս արդյունքներով։ Միշտ ձգտում եմ առաջ շարժվել և փորձելու եմ դառնալ օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող»,- ասաց նա։

Հարցին` հաղթանակից հետո պատվո հարթակ դուրս եկաք Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով, արդյո՞ք հանդիպել եք նրա հոր հետ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես նրա հետ հանդիպեցի օդանավակայանում։ Անձամբ չէի ճանաչում նրան։ Երբ ոստիկանների միջով անցնում էի, նրա հայրը ինձ մոտեցավ, գրկեց, համբուրեց և ասաց,  որ շնորհակալ է ինձանից։  Այդ պահին հանրավոր չէր այնտեղ կանգնել, բայց դեռ անպայման հանդիպելու եմ և մոտիկից ծանոթանալու նրա հետ»։

Խոսելով Գյումրիում իր անունը կրող մարզադպրոցի վերանորոգման մասին՝ ըմբիշն ասաց«Թե ե՞րբ պիտի լուծվի այդ հարցը, ես էլ չեմ կարող ասել, երևի դա ուրիշ մարդկանց պետք է հարցնել։ Այնտեղ շատ դժվար է մարզվել։ Եթե լավ պայմաններ լինեն, այնտեղից շատ օլիմպիական չեմպիոններ դուրս կգան։ Ասում են, որ այդ հարցը պետք է լուծեն տեղական ինքնակառավարման մարմինները, բայց ասեմ, որ ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, այլ ամբողջ Հայաստանը»։

Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, նշեց, որ արդեն հասունացել էր ոսկե մեդալ նվաճելու պահը: «Մեր հայ ազգին շնորհակալություն եմ հայտնում այսպիսի ջերմ ընդունելության և մեզ հետ այս ամենն ապրելու համար։ Ինչպես Արթուր Ալեքսանյանը, այնպես էլ մեր մարզչական անձնակազմը երկար տարիներ ձգտում էին հասնել այս բարձունքին։ Նախորդ անգամ Արթուրը երիտասարդ էր և չկարողացավ ոսկե մեդալ նվաճել։ Այս 4 տարիների ընթացքում տիտանական աշխատանք է կատարվել։ Բոլորս էլ զգում էինք, որ Արթուրը ունակ է ոսկե մեդալի։ Փառք Աստծո, ստացվեց։ Իր 4 գոտեմարտերն էլ Արթուրը գերազանց անցկացրեց և հասավ օլիմպիական բարձունքին»,- ասաց նա։

Ալեքսանյանի հայրը խոսեց նաև Գյումրու ըմբշամարտի մարզադպրոցի մասին, որն արդեն մի քանի տարի է` պետք է վերանորոգվի, սակայն դեռևս միայն խոստումներ են։  «Ես գլխավորում եմ այդ մարզադպրոցը։ 2008 թվականից սկսած` պատասխանել են, որ այն առաջինն է, որ պետք է վերանորոգվի, և ամեն տարի տեղափոխվել է հաջորդ տարի։ 14 թվականին՝ Արթուրի` աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նույնպես, այս հարցը բարձրացավ։ Բոլորն են խոսում այս թեմայից, և ես սպասում եմ, թե երբ է այս հարցը լուծում ստանալու։  Կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ, և մեծ գումարներ պետք է ներդրվեն։ Ինչպես  Արթուրն ասաց, նա այս երկիրն է ներկայացնում և ոչ միայն Գյումրին, և ողջ ղեկավարությունը պետք է մտածի մարզադպրոցի մասին»,- ասաց նա։